Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում։ Եվ ուզում է «այդ հաշտությունը տեսնել որքան հնարավոր է շուտ»։ Էրդողանի խոսքով՝ կնքվելիք խաղաղության պայմանագրի «վերջնական քայլը» կլինի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Երևանն անընդունելի է համարում արտատարածքային միջանցքի տրամադրումն ու այն համարում է կարմիր գիծ։
Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է՝ «միջանցքի» բացումը Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից մեկն է։ Մյուսը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Կարծում է՝ այդ երկու քայլերն են մնացել թուրք-ադրբեջանական ծրագրի իրագործման համար։
Այդ նախապայմանների իրականացումն ապահովելու համար, ըստ Պողոսյանի, Անկարան և Բաքուն օգտվում են նաև այն հանգամանքից, որ կան մի շարք դերակատարներ, որոնք շահագրգռված են հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի կնքմամբ և պատրաստ են «լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա»։
Ի՞նչ է հայտարարել Էրդողանը
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանը նկատել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ արվում են դրական քայլեր։ Հավելել է, որ Իլհամ Ալիևն էլ իր հետ հանդիպումներում հավաստիացրել է՝ ինքն էլ նման քայլերի կողմնակից է։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է․
«Մենք արդեն ամեն ինչ քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք պետք է բարձրացնենք խաղաղության առագաստները»։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է խաղաղությանը և հույս ունի, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի կայուն խաղաղություն։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահը, հերթական անգամ, անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»․
«Զանգեզուրի միջանցքը ռազմավարական է, այն օգուտ կբերի բոլոր կողմերին՝ Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին։ Երբ միջանցքը գործարկվի, այն կհեշտացնի գործը բոլորի համար»։
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները
Վերջին շրջանում Երևանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանի նախագահը, արտգործնախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նշում են, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխության ենթարկվի Հայաստանի Սահմանադրությունը։
Բաքուն խնդրահարույց է համարում այն, որ երկրի մայր օրենքը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ խոսվում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը սահմանադրական փոփոխությունները համարում է երկրի ներքին գործը և կարծում է, որ դրանք չպետք է փոխկապակցել խաղաղության գործընթացին։
Երկու երկրների արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 10-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ ընթացած հանդիպումից հետո պաշտոնական Երևանը սուղ տեղեկություններ հրապարակեց։
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»,- ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։