Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու իշխանությունների պատրաստակամության մասին։
«Վարչապետը հաստատել է երկկողմ հարաբերությունները բարելավելու վրացական իշխանությունների պատրաստակամությունը և նշել, որ այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն է տրվում փոխադարձ քայլերին և պրագմատիկ, ռացիոնալ և արդարացի մոտեցումներին»,- հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը Կոբախիձեն և Զեյան քննարկել են նաև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Վարչապետն ընդգծել է, որ այս անգամ էլ կապահովվեն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և միջազգային չափանիշներին համապատասխան բազմակարծ ընտրական միջավայր»,- ասված է հաղորդագրությունում։
Կոբախիձեն Զեյայի հետ հանդիպումը արդյունավետ է գնահատել.
Ուզրա Զեյան Վրաստան է ժամանել նախօրեին։ Այցի վերաբերյալ հայտարարության մեջ Պետդեպարտամենտը նշել է, որ Թբիլիսիում դիվանագետը «կընդգծի ԱՄՆ-ի լուրջ մտահոգություններն Օտարերկրյա ազդեցության մասին օրենքից և այլ ոչ լիբերալ օրենսդրությունից և վրացական կառավարության վնասակար հռետորաբանությունից, որը վտանգել է
երկրի Եվրատլանտյան շարժման հետագիծը»։
Երկու օրվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ է ունեցել վրացի քաղաքական գործիչների, քաղաքացիական սեկտորի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետ, այցելել է Ծերովանի գյուղ, որը գտնվում է Ցխինվալիի շրջանի բաժանարար գծում և քննարկել
ընտրությունների նախապատրաստական աշխատանքները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի հետ։
Զեյայի այցից քիչ առաջ Պենտագոնը հայտարարել է վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունների անժամկետ հետաձգման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշումը բացատրել է վրացական իշխանությունների «կեղծ հայտարարություններով». նրանք բազմիցս խոսել են Վրաստանում պատերազմի «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի փորձերի մասին, իբր Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և հեղաշրջում իրականացնելու մասին՝ երկրում իշխանությունը տապալելու համար։ Հաշվի առնելով դա՝ Պենտագոնը որոշել է, որ այժմ ոչ հարմար ժամանակ է զորավարժություններն անցկացնելու համար։