Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղում աղբամանների հայտնվելով մարդիկ հիմնականում աղբը կիրճ չեն նետում, սակայն տեղ-տեղ թափոնների «թարմությունը» հուշում է, որ խնդիրը ամբողջությամբ լուծված չէ։ Գյուղում շատերը կարծում են, որ մաքրության հարցը վերջնականապես կարելի է լուծել աղբամաններ ավելացնելով, իսկ ոմանք կարծում են, որ դա էլ չի օգնի։

Կումուրդո գյուղը գտնվում է մունիցիպալիտետի արևմտյան մասում և խոշոր գյուղերից է։ Այստեղ ապրում է ավելի քան 400 տնտեսություն և ավելի քան 2000 մարդ։ Մինչ գյուղում աղբամաններ տեղադրելը (3-4 տարի առաջ) բնակիչները հիմնականում աղբը ձորն էին նետում։

kumurdo deq5

Այժմ գյուղի գլխավոր փողոցում 14 աղբաման կա։ Գյուղի շատ փողոցներում աղբամաններ չկան, Ճիշտ է, բնակիչները հիմնականում աղբ տանում են ու նետում աղբամանների մեջ, բայց դատելով կիրճում թափված թափոնների “թարմությունից”, կան այնպիսիք, ովքեր նետում են հին սովորությունից ելնելով, կամ էլ նրա համար, որ անհարմար է այն աղբարկղ հասցնել:

Գյուղում Եղել է 16 աղբաման, սակայն 2-ն այս տարի ջարդվել են և Սպասարկման կենտրոնը հեռացրել է դրանք։

Գյուղում մետաղական և պլաստմասսե տուփերը տեղադրված են գլխավոր փողոցում՝ միմյանցից 100 մ հեռավորության վրա։ Դրանք տեղադրված են մանկապարտեզի, դպրոցի, ծիսական տան մոտ, ինչպես նաև գյուղի մուտքի մոտ, որտեղ թեև տներ չկան, բայց բնակիչները կարծում են, որ այդ վայրում աղբամանն անհրաժեշտ է։

gumurdo1

Նրանք հիմնականում Կումուրդո գյուղի աղբահանությունից գոհ են, սակայն կարծում են, որ անհրաժեշտ է ավելացնել աղբամանների թիվը։

«Գյուղի ծայրամասում աղբարկղեր չկան, եկեղեցու մոտ, գյուղի վերին մասում, միայն գլխավոր փողոցում են դրված: Այդ վայրերից աղբը բերում են ու աղբարկղերի մեջ են գցում: Ես կարծում եմ պետք է դրանք շատացնել, որ գյուղն էլ ավելի մաքուր դառնա»,- ասում է Լևոն Չոլախյանը։

Իսրայել Մաթևոսյանն ասում է, որ իրենց փողոցում աղբամաններ չկան, նա աղբը բերում և նետում է դպրոցի մոտի աղբամանում:

«Մեզ համար հարմար է աղբը բերել այդտեղ: Որքան շատ աղբարկղեր լինեն, այնքան ավելի մաքուր կլինի գյուղը, թեև պատահում է, որ մարդիկ աղբը նետում են ուր պատահի, այդպիսիք էլ կան, բայց նրանք էլ են աստիճանաբար սովորում բնությունը չկեղտոտել»,- ասում է նա։

Սիրակ Գրիգորյանն ասում է, որ աղբարկղերի հայտնվելուց հետո բնակիչները նույնպես սկսել են փոխվել, փորձում են գյուղը մաքուր պահել:

«Շատ հազվադեպ է պատահում, որ աղբը հավաքվում է արկղերի մոտ, շաբաթական երկու անգամ տանում են: Հիմնականում, գարնանն և աշնանն է աղբը շատ լինում, և այդ ժամանակ աղբը կարող է լցված լինի արկղերի կողքերը», – ասում է Սիրակ Գրիգորյանը։

Տնային տնտեսուհի Արմենուհին կարծում է, որ դեռ կան մարդիկ, որոնց պարզապես չի մտահոգում շրջապատի մաքրությունը, չեն մտահոգվում մաքրության պահպանությամբ:

«Մարդիկ կան, որ աղբարկղերի մեջ չեն գցում, հիմա ամառ է, խոտն աճել է, չի երևում, բայց ոմանք այն դուրս են նետում ճամփեզրին: Գարնանը հնարավոր չէ մտնել դաշտ, ամենուր աղբ է: Մեքենայով անցնում են ու դեն նետում: Դա կախված է մարդու դաստիարակությունից»,- ասում է Արմենուհին:

kumurdo deq4

Կումուրդո գյուղում բնակիչները դեռ չեն վճարում աղբահանության համար։ Բայց քաղաքապետարանի աղբահանության ծրագրերի համաձայն, աստիճանաբար, համապատասխան պայմաններ ստեղծելով, Սպասարկման կենտրոնը սկսելու է բոլոր գյուղերից աղբահանության համար վճար հավաքել։ Այս փուլում Սպասարկման կենտրոնն աղբահանության համար վճար հավաքում է 18 գյուղում և Ախալքալաքում։

Մեկ անձի համար աղբահանության վճարը կազմում է 50 թեթրի, եթե ընտանիքում չորս հոգուց ավելի է, ապա վճարը կազմում է 2 լարի։

Սրա հետ մեկտեղ, մունիցիպալիտետում թափոնների կառավարման գործընթացի բարելավման շրջանակներում, քաղաքապետարանը և այլ պատկան մարմիններ արդեն կարող են կիրառել պատժամիջոցներ, տուգանքներ՝ աղբը սխալ վայրում թափելու կամ այլ խախտումների դեպքում: