Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ Գերմանիան հանդիսանում է Վրաստանի զարգացման խոշոր դոնորներից մեկը, բայց հիմա որոշել են նոր հանձնառություններ չվերցնել իրենց վրա, ուստի Գերմանիայի կողմից նոր ֆինանսական պարտավորություններ չկան։
Բեռլինը նաև չեղարկել է մի շարք միջոցառումներ Վրաստանում և հրաժարվել մասնակցել զորավարժություններին։
«Ես կխոսեմ Գերմանիայի անունից և կասեմ, որ մենք նույնպես վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Մենք շատ վաղեմի և սերտ կապեր ունենք Վրաստանի հետ։ Մենք որոշում ենք կայացրել այլևս նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի նկատմամբ։ Այդ պատճառով Գերմանիան Վրաստանի հանդեպ նոր ֆինանսական պարտավորություններ չի ստանձնի»,- հայտարարել է Ֆիշերը։
Դեսպանն ընդգծել է, որ որոշումն ընդունվել է արևմտամետ կուրսից Վրաստանի իշխանությունների շեղվելու, ավելի կոնկրետ՝ Եվրամիության սկզբունքներին հակասող կառավարության ընդունած որոշումների և հակաեվրոպական հռետորաբանության պատճառով։
«Վրաստանում դեսպանի պաշտոնը իմ 7-րդ նշանակումն է, և ես երբեք արտաքին քաղաքականության այսպիսի փոփոխություններ չեմ տեսել, ինչպես այս տարվա առաջին կեսին։ Շատ օբյեկտիվ փաստեր կան, այդ թվում՝ եվրոպական չափանիշներին անհամատեղելի, այսպես կոչված, «Թափանցիկության մասին» օրենքը։ Այդ օրենքով դուք չեք կարող Եվրամիություն մտնել։ Մենք 30 տարի բարեկամություն ենք անում և հանկարծ զարմանալի է, որ մենք դարձանք նացիստներ, ահաբեկիչներ։ Գործընկերներն այդպիսի հռետորաբանությամբ չեն խոսում։ Եթե կառավարությունը ընկերների հանդեպ անընդունելի հռետորաբանություն է օգտագործում, բարեկամությունը փոխվում է»,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպանը։
Նա նաև նշել է, որ առայժմ դա ազդեցություն չի թողնում Վրաստանի եվրոպական ուղու աջակցության վրա, բայց այդ ճանապարհով առաջ շարժվելու առկա հնարավորությունը շուտով կփակվի։
«Պատուհանը հիմա լայն բաց է, այն բաց է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով։ Սա մեզ հանգեցրել է եզրակացության, որ մենք պետք է արագ որոշենք տարածությունը խաղաղության և ժողովրդավարության համար, բայց ես պետք է նաև ասեմ, որ պատուհանը հնարավոր է կփակվի։ Այն հավերժ բաց չի լինի։ Մենք բավականաչափ մարտահրավերներ ունենք Եվրամիության ներսում և մեզ պետք չէ նոր մարտահրավերներ ներմուծել»,- ասել է դեսպանը՝ կոչ անելով բաց չթողնել պատմական հնարավորությունը գլոբալ խաղաղության կուսակցությանը միանալու համար, «որովհետև հենց այդպիսին է հանդիսանում Եվրոպական միությունը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին երեկ հայտարարել է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է։ Հերչինսկին նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։
Ներկայում Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր է։ Երկիրն այդ կարգավիճակը ստացել է 2023 թ․ դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց։