Մեկ ամսից կավարտվի Աբուլ-Կարտիկամ բետոնապատ ճանապարհի կառուցումը։ Այս ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով՝ անցած տարի կառուցվել է ճանապարհի 4 կիլոմետրը, իսկ այս տարի կառուցվում է մնացած 2․3 կիլոմետրը։

Աբուլ-Կարտիկամ ճանապարհի 4 կմ 048 մ հատվածը կառուցվել է 2023 թվականին, որի համար ծախսվել է 1 մլն 165 հազար 024 լարի։ Շինաշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Իսկ այս տարի՝ ճանապարհի մնացած 2 կմ 244 մ հատվածի համար հատկացվել է 1 մլն 298 հազար 300 լարի։ Շինաշխատանքներն իրականացնում է «Իբեր» ընկերությունը։

Նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով։

Հեռավոր և բարձրալեռ Աբուլ տանող ճանապարհի կառուցման կարևորության վերաբերյալ JNEWS-ի հարցին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը պատասխանեց․

«Ամենակարևոր, առաջնային նախագծերից մեկն էր, որը իրականություն դարձավ։ Ինչպես գիտեք, անցած տարվանից սկսել էինք Աբուլից դեպի Կարտիկամ ճանապարհի կառուցման առաջին էտապի աշխատանքները։ Այս տարի հնարավորություն ունեցանք երկրորդ էտապի մրցույթը ևս հայտարարել։ Մինչև աշուն ընդհանուր նախագիծը կավարտենք։ Աշխատանքները ակտիվ փուլում են, եթե եղանակը բարենպաստ լինի, այսինքն՝ անձրև ու ուժեղ քամի չլինի, ապա շինարարները կկարողանան մոտավոր մեկ ամսում ավարտել աշխատանքները։ Փաստացի, Աբուլից մինչև Կարտիկամի կամուջ կհասնենք, իսկ Կարտիկամ գյուղում մեր տեղական բյուջեի միջոցներով ենք կառուցում ճանապարհը, որի աշխատանքները նույնպես սկսել ենք»։

Կարդացեք նաև՝

Նշենք, որ նորակառույց ճանապարհը կենսական կաևոր նշանակւոթյուն ունի Աբուլի բնակիչների համար։ Սա գյուղը քաղաքին կապող միակ ճանապարհն է։

Ձմռանը՝ առատ ձյան ժամանակ հաճախ գյուղի ճանապարհը փակվում էր և մոտավոր տվյալներով 500 մարդ հայտնվում էր շրջափակման մեջ։ Շտապօգնության մեքենաներն ու տաքսու վարորդները նույնպես դժվարությամբ էին Աբուլ հասնում։

Լուսանկարը՝ Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից