Տարածաշրջանում ծավալվող իրադարձություններն ուղակիորեն թե անուղակիորեն ազդում են տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի վրա։ Թե ղարաբաղյան պատերազմը, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն իր հետքը թողեց Հարավային Կովկասի երկրների վրա։ Կոնկրետ ինչպիսի՞ ազդեցություն է թողնում Հարավային Կովկասի վրա տարածաշրջանում կատարվող իրադարձությունները, ինչպիսի՞ն է երրորդ երկրների դերն այս հակամարտությունում, այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք Ռոնդելիի հիմնադրամի փորձագետ, թուրքագետ Զուրաբ Բատիաշվիլիի հետ։
– Ելնելով վերջին տարիների (ռուս-ուկրաինական, ղարաբաղյան պատերազմ) և այլ իրադարձություններից՝ ինչպե՞ս է փոխվել երրորդ երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։
– Վերջին երկու-երեք տարում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, իհարկե՝ ամենակարևորը ռուս-ուկրաինական պատերազմն է, Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա՝ նպատակ ունենալով վերացնել ոչ միայն Ուկրաինայի տարածքները, այլև ուկրաինական պետականությունը, նրա ռազմավարական նպատակն է ստեղծել նոր Խորհրդային Միություն։ Կարևոր չէ անունը՝ Ռուսական կայսրություն կլինի, Խորհրդային Միություն, թե՝ այլ, գաղափարն այն է, որ նա ցանկանում է հաջողեցնել «տարածքներ հավաքել» նախկին խորհրդային հանրապետությունների մասնակցությամբ։ Եվ եթե դա հաջողվի Ուկրաինայում, բնականաբար, հաջորդ թիրախը կլինեն ավելի փոքր երկրները, ինչպիսիք են՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և այլն։ Նույնիսկ հիմա այդ երկրները նրա թիրախում են, ուղակի նա այնքան է զբաղված Ուկրաինայում և ներքաշված ճահճի մեջ, որ այնքան էլ ազատ չէ ոչ միայն հարավային Կովկասի երկրների, այլև Եվրոպական երկրների համար։ Ռուսաստանը պատրաստ չէ նաև իր խնդիրների լուծմանը, օրինակ՝ մի քանի օր առաջ Դաղստանում խոշոր ահաբեկչություն եղավ, որին ՌԴ կառավարությունը բառացիորեն անպատրաստ էր, և պարզաբանման է ենթակա նաև այն, որ դրան մասնակցել էին իշխանության ներկայացուցիչները, նրանց երեխաները և հարազատները։ Այդ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասավ 21-ի, իսկ վիրավորների թիվն ավելի շատ է։ Ես սրանով ուզում եմ ասել, որ Ռուսաստանը ներքաշված է լուրջ խնդրի մեջ, որից դուրս գալու լավ ելք նա բառացիորեն չունի։ Այն, ինչ ոչնչացվել է ուժով, ես նկատի ունեմ Խորհրդային Միությունը, հնարավոր չէ վերականգնել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան ունի իր շահերը, բայց ի տարբերություն Ռուսաստանի, նա ավելի իրական է գնահատում սեփական ուժը, չի մտնում այնպիսի արկածախնդրության մեջ, ինչպես Ռուսաստանը։ Նա գիտի, որ, օրինակ, եթե պետք է մեծացնի իր ազդեցությունը Կովկասում, ապա իր բնական դաշնակիցն այս դեպքում Ադրբեջանն է, իսկ ուժեղացնելով Ադրբեջանը՝ ինքն ավելի է ուժեղանում տարածաշրջանում։ Ռուսաստանից Թուրքիան տարբերում է նաև նրանով, որ նա, այսպես ասած՝ ուղիղ ռազմական գործողություններ չի իրականացնում այս տարածաշրջանում։ Քանի որ, երբ անմիջապես երկիրն է սկսում ռազմական գործողություններ իրականացնել, վտանգ կա, որ նա կհայտնվի նույն ճահճում, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանը հայտնվել է փակուղում, նրա զինվորներն ամեն օր սպանվում են, այդ մարդիկ բացակայում են տնտեսությունից, տնտեսական խնդիրներն ավելացել են, երկրի դեմ պատժամիջոցներ են կիրառվել, ոչնչացվում է նաև ռազմական տեխնիկան, որը չի կարող ստեղծվել նույն քանակությամբ։ Ռուսաստանը փորձում է օրակարգ բերել բանակցությունների թեման, բայց ուզում է այդ բանակցություններն իր պայմաններով։ Այսինքն՝ ուզում է անեքսիայի ենթարկել նվաճված տարածքները, բայց ոչ ոք դրա իրավունքը չի տա նրան։
– Ղարաբաղյան պատերազմը և Ադրբեջանի հաղթանակն ի՞նչ ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասում Թուրքիայի դերի վրա։ Ինչպե՞ս ազդեց Ադրբեջանի հաղթանակը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։
– Իհարկե, արդեն ունեցել է ազդեցություն, Թուրքիայի ազդեցությունն ուժեղացել է Ադրբեջանի միջոցով, որովհետև նույն Ադրբեջանում բոլորը շատ լավ հասկանում են, թե որքան կարևոր էր Թուրքիայի օգնությունն այս պատերազմում։ Աշխարհի պատմության մեջ առաջին անգամ կիրառվեց անօդաչու թռչող սարք, ի դեպ՝ Ռուսաստանն անօդաչու սարքեր ռուս-ուկրաինական պատերազմում ձեռք էր բերում Իրանից, Ռուսաստանը նոր է սկսել արտադրել։ Կարելի է ասել, որ անօդաչու թռչող սարքերի հարցը ղարաբաղյան պատերազմի ամենակարևոր գործոնն էր, ինչով է ղարաբաղյան երկրորդ պատերազմը տարբերվում է առաջինից։ Թուրքերը զարգացրեցին անօդաչու սարքերի արտադրությունը և դրանով շատ առաջ գնացին, նրանք դրանով օգնեցին Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում անշուշտ մեծացավ։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի և Վրաստանի միջև միշտ եղել են նորմալ հարաբերություններ։ Այժմ խոսքը գնում է դեպի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ամեն դեպքում, եթե բոլոր խնդիրները հնարավոր չէ վերացնել կամ լուծել, գոնե պետք է բացել սահմանը։ Պետք է գոնե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, քանի որ երբ դու հարևան ես, ուզես թե չուզես, պետք է հարաբերություններ ունենաս, հատկապես այս ֆոնին, երբ Հայաստանի կառավարությունը գնալով ավելի ու ավելի շատ արևմտամետ հայտարարություններ է անում և շարժվում է դեպի Արևմուտք։ Իսկ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը Թուրքիան է, և հարաբերությունների նորմալացումն այս դեպքում անհրաժեշտ է, քանի որ եթե ամեն ինչ մի կողմ թողնենք, ապա ճանապարհ է պետք դեպի Եվրոպա։
– Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու բազմաթիվ փորձեր է արել, բայց եթե կողքից նայենք, թվում է, թե վերոնշյալ երկու պետություններն էլ այս ուղղությամբ չեն շարժվում, ի՞նչ եք կարծում, ինչու՞ է այդպես։
– Սկսենք Թուրքիայից, ինչպես տեսնում ենք, Թուրքիան վերջին տարիներին չի արել ոչ մի քայլ, որն ինչ-որ կերպ հակասեր Ադրբեջանի դիրքորոշմանը։ Այսինքն՝ Թուրքիան հայտարարում է, որ եթե Հայաստանի հետ կապված խնդիրը լուծի Ադրբեջանը, ապա իր հետ հարաբերությունների խնդիր չի լինի։ Այժմ հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այստեղ ամենակարևորը պայմանագիրը ստորագրելն է, առանց որի՝ հնարավոր է ևս մեկ կոնֆլիկտ ստանանք, որն իրականում կարող է լինել ավելի արյունոտ և նույնիսկ ավելի ողբերգական, որովհետև այս դեպքում երկրներն ուղակիորեն ներգրավվելու են, այսպես ասած, սահմանային հակամարտությունում։ Ուստի կարևոր է ստորագրել այս համաձայնագիրը, թեև սահմանների սահմանազատման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ինչպես գիտեք, սահմանազատում տեղի չի ունեցել, իհարկե, դա չի վերաբերում բոլոր վայրերին, որոշ տեղերում հաստատված է, բայց թե կոնկրետ որտեղով է անցնում սահմանը, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, ամբողջությամբ լուծված չէ։ Այսինքն՝ կան տեղեր, որտեղ կողմերը չեն կարողանում պայմանավորվել, թե կոնկրետ որտեղով է անցնում սահմանը, և քարտեզներում ներկայացված մասշտաբները, որոնք սահմանվել են խորհրդային շրջանում, որակյալ չեն։ Միակ հաստատվածը Վրաստան-Թուրքիա սահմանն է, քանի որ այն ժամանակ դա Խորհրդային Միության և ՆԱՏՕ-ի սահմանն էր, և դա կարևոր էր, ինչպես նաև սահմանվել է Հայաստանի և Թուրքիայի միջև, Հայաստանի և Իրանի միջև: Մի բան է, որ այս սահմանները պետք է սահմանվեն, մյուս հարցն է ինչպես պետք է հաղորդակցություններ սկսել։ Կողմերը դեռ անելիքներ ունեն։ Հուսով ենք, որ այս խնդիրը շուտով կլուծվի։ Որպեսզի հակամարտությունը կրկին չվերսկսվի, հետևաբար, բոլոր ջանքերը պետք է ուղված լինեն ինչպես սահմանների հաստատմանը, այնպես էլ հաղորդակցությունների խնդրի լուծմանը։
– Ինչպիսի՞ Վրաստան է «պետք» Թուրքիաին՝ ավելի դեմոկրատական, թե՞ ավելի վերահսկվող։
– Ընդհանրապես, հարևան երկրների համար՝ լինի դա Հայաստանը, Ադրբեջանը թե Թուրքիան, անհրաժեշտ է, որ Վրաստանը լինի ժողովրդավարական Վրաստան։ Ժողովրդավարական Վրաստան նշանակում է արևմտյան դիրքորոշում ունեցող Վրաստան, որը հարգում է մարդու իրավունքները, փոքրամասնությունների իրավունքները և այլն: Ցավոք սրտի, այժմ մենք տեսնում ենք հետընթաց այս զարգացումից, «Ռուսական օրենքը», որն ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից, Վրաստանին հեռացնում է իր պատմական զարգացման ուղուց և դնում ռուսական ազդեցության տակ։ Ռուսական ազդեցության տակ գտնվող Վրաստանը ձեռնտու չէ, ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին։ Եթե, օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար կարող են լինել ավելի քիչ խնդիրներ, քանի որ նրանք իրենց առաջատար պետություն են զգում, Հայաստանի համար նույնը չի կարելի ասել, Հայաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանը լինի արևմտամետ, Եվրոպային ուղված երկիր։ Ինչո՞ւ, որովհետև այս դեպքում միայն Հայաստանին ոչ մեկ չի ընդունի Եվրամիություն, քանի որ այն կլինի կղզու տեսքով և այլևս ֆիզիկական կապ կամ ճանապարհ չի ունենա Եվրոպայի հետ, եթե Վրաստանը վերահսկվի Ռուսաստանի կողմից, և եթե Ռուսաստանը փակի Հայաստանի համար ճանապարհը։ Դրա համար էլ շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Վրաստանում։ Հուսանք, որ Վրաստանն այն ընտրությամբ, որը պետք է կատարվի աշնանը կվերադառնա զարգացման այն ուղուն, որով միշտ գնացել է։ Չկա զարգացում առանց ազատության, չկա զարգացում առանց մարդու իրավունքների հարգման, և այս հարցն աշնանը պետք է որոշի Վրաստանի բնակչությունը, յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ դավանանքից, էթնիկ ծագումից և այլն։
– Ինչպե՞ս կազդեն Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքականության փոփոխությունները Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական և ընդհանուր հարաբերությունների վրա։
– Ի դեպ, նման հարց տվել են լրագրողները Թուրքիայի նախագահին, երբ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն եղել է Անկարայում և հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Էրդողանն ասել է, որ իրենք ուշադիր հետևում են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս հայտնել, որ հարցը կլուծվի հօգուտ Վրաստանի բնակչության։ Ի վերջո, այս երկրի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն, թե ինչպիսի երկրում են ուզում ապրել, և այդ հարցը կորոշվի աշնանը, այդ ժամանակ համապատասխանաբար կլինեն նաև մյուս երկրների դիրքորոշումները։ Ձեզ ասել, որ աշնանից հետո 100 տոկոսով այսպես է լինելու կամ այնպես, դժվար է ասել, քանի որ իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Բոլորը հասկանում են, որ սա կենսական նշանակության ընտրություն է, հնարավոր է այս ընտրությունները այս դարում Վրաստանի պատմության մեջ ամենակարևոր ընտրությունները լինեն, ուստի բոլորը պետք է կարողանան հնարավորինս պատասխանատու և մոբիլիզացված վերաբերվել, և ցույց տալ, թե ինչպիսի երկրում են ցանկանում ապրել։