«Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա եկեղեցիներն ընդգրկվա՞ծ են այն կազմակերպությունների ցանկում, որոնք պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալ»՝ «Օտար ուժերի շահերը հետապնդող» կազմակերպությունների ռեգիստրում, Jnews-ը այս հարցը ճշտել է փաստաբանից:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր պետք է գրանցվեն այսպես կոչված օտարերկրյա գործակալների ռեգիստրում: Այսպիսով, ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձինք, որոնք հիմնադրված չեն վարչական մարմնի կողմից և որոնք տարվա ընթացքում ոչ առևտրային եկամուտների ավելի քան 20%-ը ստանում են այլ երկրներից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ։ Օրենքը բացառություն է սահմանում մարզական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու արյան բանկի համար։ Մնացած կազմակերպությունները կհայտնվեն այս օրենքի տակ։
Այս օրենքը կազդի՞ Հայ առաքելական եկեղեցուն, կամ հայ կաթոլիկ եկեղեցուն, քանի որ այդ կրոնական կազմակերպությունները նույնպես գրանցված են որպես իրավաբանական անձինք, պարզաբանում է փաստաբան Անդրանիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Վրաստանում կա 7 տեսակի իրավաբանական անձ, 5 առևտրային, ոչ առևտրային (ა(ა)იპ), ինչպես նաև հանրային իրավունքի իրավաբանական անձ (სსიპ)։ Նրա պարզաբանմամբ՝ եկեղեցիները պարտավոր չեն գրանցվել ռեգիստրում։
«Այս օրենքը վերաբերում է առաջին հերթին հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Եթե խոսքը ՀԱԵ-ի մասին է, ապա այս օրենքը ուղղակիորեն չի տարածվում ՀԱԵ-ի վրա։ Կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն Վրաստանում գրանցվել որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձ» կամ «ոչ առևտրային կազմակերպություն»։ Եթե կրոնական կազմակերպությունը գրանցված է որպես ՀԿ, ապա դրա վրա այս օրենքը գործում է, ամեն դեպքում օրենքը բացառություններ չի սահմանում։ Եթե կա եկեղեցի, ինչ-որ հավատք, և դրանք գրանցված են որպես ՀԿ, ապա նրանց վրա կգործի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Եկեղեցիները գրանցված են որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ (სსიპ), դրանց վրա օրենքը չի տարածվում»,- պարզաբանում է Անդրանիկ Մինասյանը։