Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման ծրագիրը շարունակվում է: Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել է էրինջա-Մյասնիկյան հատվածի բետոնապատման մրցույթը՝ 1 827 650 լարիի չափով։ Աշխատանքները կտևեն երկու տարի։

Այս տարի շարունակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի ճանապարհի բետոնապատումը։ Ճանապարհի վերականգնումը սկսվել է անցյալ տարի, Խավեթ գյուղից։ Այդ ժամանակ բետոնապատվել է ավելի քան 5,5 կմ ճանապարհ։ Այս տարի բետոնապատվելու է Էրինջա-Մյասնիկյան հատվածը։ Ճանապարհի բետոնապատումն ավարտին հասցնելու համար մունիցիպալիտետին մնում է վերականգնել մոտ 4 կմ 700 մ: 2024 թվականին նախատեսված են 148 751 լարիի աշխատանքներ, իսկ 2025 թվականին՝ 1 678 889 լարիի։

Աշխատանքները ֆինանսավորվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, ընդհանուր գումարից Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հատկացնում է 1 733 964 լարի, տեղական բյուջեն՝ 93 676 լարի:

Մրցույթին մասնակցելու համար ընկերությունների հայտերի ընդունումը կշարունակվի մինչև 2024 թվականի հունիսի 6-ը։ Ճանապարհի լայնությունը պետք է լինի 4,5 մ, բետոնի հաստությունը՝ 16 սմ։