2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանը զբոսաշրջկների համար խստացնում է բժշկական ապահովագրության վերաբերյալ օրենքը և ըստ այդմ` բոլորը սահմանին պարտադիր պետք է ներկայացնեն առողջական ապահովագրություն, հակառակ պարագայում նրանք չեն կարողանա մուտք գործել Վրաստան։
Բժշկական ապահովագրությունից ազատվում են այն անձիք, ովքեր ունեն մշտական կամ ժամանակավոր կացության վկայական, ինչպես նաև երկքաղաքացիություն։
Jnews-ը Վրաստանի պարեկային ոստիկանությունից տեղեկացել է, որ՝
«Բժշկական ապահովագրություն ունենալն այլ երկրի քաղաքացիների համար միշտ պարտադիր է եղել, սակայն հունիսի 1-ից առողջական ապահովագրություն պահանջող օրենքի այդ կետը էլ ավելի է խստացվում։ Սահմանին բոլոր զբոսաշրջիկներից կպահանջեն բժշկական ապահովագրություն։ Ապահովագրություն չեն պահանջի Վրաստան մուտք գործող միայն այն անձանցից, ովքեր ունեն մշտական կամ ժամանակավոր կացության վկայական և երկքաղաքացիություն»։
Այն դեպքում եթե անձը սահմանին չի ներկայացնի առողջապահական ապահովագրություն, նրան սահմանը հատելու չեն թողնի։
Հարկ է նշել, որ այս տեղեկությունն ակտիվ տարածվում էր Հայաստանում։ Արդյունքում՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների․
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»։
Իսկ այսօր պարեկային ոստիկությունից JNEWS-ին հաստատեցին, որ հունիսի 1-ից զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության ապահովագրություն պարտադիր է։
Պարտադիր բժշկական ապահովագրության պահանջը սահմանվել է «Զբոսաշրջության և հանգստավայրերի մասին» նորացված օրենքում։ Վրաստանի խորհրդարանն այն ընդունել է դեռևս 2023 թ․-ի վերջին։