Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը սկսվել է այսօր ժամը 09:00-ից և այն կտևի մինչև հունիսի 13-ը։ Գրանցումը կիրականացվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ Registration.emis.ge։
Ըստ Վրաստանի ԿԳՆ-ի՝ երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
«Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դպրոցներում կիրականացվի հունիսի 14-ից հունիսի 25-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով չեղարկվում է։
Առաջին դասարանում գրանցվելու փաստաթղթեր՝ աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է պարունակի տեղեկատվություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի մասին և հեռախոսահամարը, նաև պետք է համապատասխանի «Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի» 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի (եթե այդպիսիք կան) պատճենը: Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Առաջին դասարաններում առկա տեղերի քանակը ստուգելու համար անցեք հղումով՝ skolebi.emis.ge:
Առաջին դասարանցիների գրանցման ընդհանուր հրահանգները տե՛ս այստեղ՝ elfiles.emis.ge»,- ասվում է Վրաստանի ԿԳՆ-ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է նաև, որ 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան գնալու համար կարող են գրանցվել այն երեխաները, որոնց 6 տարեկանը կլրանա մինչև դեկտեմբերի 1-ը։