2017թ.-ի հունվար 9-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 93-ամյակին:

Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև Սերգեյ Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդես, հաղթողների պարգևատրություն և ֆիլմի ցուցադրում: Ժյուրիի որոշմամբ մրցույթի հաղթողները բացի վկայականներից ստացան նաև Բակուրիանի ուղևորության ուղեգրեր:

Միջոցառումը կազմակերպվել էր «Վրաստանի Հայերի Միության» կազմակերպության նախաձեռնությամբ, Վրաստանի մշակույթի նախարարության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի աջակցությամբ, Յուրի Մեչիտովի հետ համագործակցությամբ:

Միջոցառման առաջին մասի ժամանակ պարգևատրվեցին 3 մասնակիցներ: Բրոնզե մրցանակակիր դարձավ երիտասարդ նկարչուհի Ելենեա Սիրունյանը, արծաթե մեդալը ստացավ տիկնիկավար Արմեն Հովհաննիսյանը: Ոսկե մեդալի արժանացավ Հրաչ Մերիշավյանը: Միջոցառման երկրորդ մասում կայացավ Սերգեյ Փարաջանովի մասին փաստագրական ֆիլմի դիտում:

Միջոցառմանը ներկա էին Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լուսինե Աստոյան