Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում արդեն 4 ամիս է գործում է Ջիվանու տուն-թանգարանը: Թանգարանը հավաքում է հին և ջավախքյան կոլորիտը փոխանցող իրեր ցուցանմուշները համալրելու համար:
Թանգարան են այցելում ոչ միայն տեղացիներ, այլ նաև այցելուներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ռուսաստանաբնակ հայերը, ովքեր տեղյակ են թանգարանի գոյության մասին, հիմնականում նախկին տեղաբնակներ են։ Հայաստանցի այցելուները հիմնականում Թուրքիա գնացող զբոսաշրջիկներ են, ովքեր իմանալով տուն-թանգարանի գոյության մասին այցելում և հետաքրքրվում են աշուղի ստեղծագործական կյանքով։
Հասմիկ Սաղաթելյանը, ով հոկտեմբերի 1-ից աշխատում է որպես թանգարանի գիտ-համակարգող, մեզ հետ զրույցում նշեց՝ «Այցելուներին հիմնականում հետաքրքրում է թանգարանի հետևի հատվածը, որտեղ ծնվել է աշուղը, և հիմնական տրվող հարցերն այն են, թե այսօր գյուղում կա արդյոք աշուղի ազգականներից։ Իսկ աշակերտների խմբերին հիմնականում հետաքրքրում են աշուղի ստեղծագործությունները և հարցերի մեծամասնությունը վերաբերում է դասագրքային բանաստեղծություններին»։
Թանգարանի գործունեության մաս է կազմում տարատեսակ միջոցառումների կազմակերպումը, ինչպիսին էր ամանորյա միջոցառումը, որը իր տեսակով գյուղում առաջին անգամ էր կազմակերպվում։ Ջավախքին Աջակցություն Հիմնադրամը Կարծախի մինչև հինգ տարեկան երեխաների համար հատկացրել էր 30 ամանորյա պարկ, որոնք բաժանվել են միջոցառման շրջանակներում։ Մեր հարցին թե ապագայում Ջիվանու թանգարանը ունի այլ իրականացվելիք ծրագրեր՝ Հասմիկ Սաղաթելյանը պատասխանեց՝ «Նախատեսված ծրագիր ունենք, որը հիմնականում վերաբերվում է աշակերտներին, բայց փակագծերը առայժմ չենք ուզում բացել»։
Գյուղի բնակիչները դրական են գնահատում գյուղում տուն-թանգարանի գոյությունը և մեր այն հարցին թե արդյոք տեղյակ են, որ գյուղում թանգարանը գործում է թե ոչ, մատնացույց անելով թանգարանը ասացին՝ «Այ, այնտեղ է թանգարանը, աշխատողը թանգարանի հարևանությամբ է բնակվում, տեղեկացրեք, կգա, կբացի, մտեք ուսումնասիրեցեք»։ Ինչպես տեսանք, գյուղացիները նույնպես նպաստում են թանգարանի այցելուների ավելացմանը։
Գյուղացիների հրավերը չմերժելով այցելեցինք թանգարան, սակայն ելնելով եղանակային ցուրտ պայմաններից երկար չկարողացանք մնալ, քանի որ թանգարանը չի ջեռուցվում։ Այնուամենայնիվ թանգարանում նկատեցինք նաև հուշամատյան, որտեղ արդեն հայտնվել էին այցելուների առաջին տպավորությունները։
Թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը մեզ հետ զրույցում, կոչ անելով ընթերցողներին արձագանքել, տեղեկացրեց, որ թանգարանը հավաքում է հին իրեր (կարպետներ, տարաբնույթ գործիքներ և առարկաներ, որոնք մաս են կազմում ջավախքյան կոլորիտի): Հավաքագրումը կատարվում է ինչպես նվիրատվությամբ, այնպես էլ իրերի գնման տարբերակով:
Հիշեցնենք, որ Ջիվանու անվան տուն-թանգարանը բացվեց 2016 թվականի օգոստոսի 27-ին, աշուղի 170-ամյակի օրը։
Ջուլիետա Տոնականյան