Վերջերս Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացած «երջանիկ» վրաց հասարակության մոտ նոր մտահոգության շարժառիթ առաջացավ,պատճառը անցած տարի դժգոհությունների առիթ դարձած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենքի» կրկին առաջ քաշումն ու քննարկումներն են: Jnews-ը փորձագետների միջոցով փորձեց պարզել իշխող կուսակցության այս քայլի պատճառները և հնարավոր հետևանքները երկրի համար։

2023 թվականի փետրվարին և մարտին Վրաստանի խորհրդարանի խորհրդարանական մեծամասնության անդամները նախաձեռնեցին և քննարկեցին օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին երկու օրինագիծ, որոնցից մեկն առաջին ընթերցմամբ ընդունվեց մարտի 7-ին։

Փորձելով հակիրճ ներկայացնել թե ի՞նչ է իրենից ենթադրում օրենքը, հարկ է նշել, որ ըստ օրենքի բոլոր ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք, ներառյալ հասարակական կազմակերպություններն և լրատվամիջոցները, որոնք իրենց տարեկան եկամտի 20%-ից ավելին օտարերկրյա աղբյուրներից են ստանում, պարտավոր էին գրանցվել որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ։ Վերահսկողության մեծ վտանգից բացի, հաշվառումից խուսափելու և նախագծով նախատեսված պահանջները խախտելու դեպքում, նախագծով նախատեսվում էր խիստ ֆինանսական տույժեր։

Օրինագիծը խստորեն քննադատվեց Արևմուտքի Վրաստանի գործընկերների կողմից՝ որպես պոտենցիալ սպառնալիք վրացական ժողովրդավարության, խոսքի ազատության և Վրաստանի եվրատլանտյան ապագայի համար, չուշացավ նաև հանրության դժգոհությունը: Վրաստանի քաղաքացիական հասարակությունը և միջազգային գործընկերները օրենքի նախագիծն անվանեցին «Ռուսական օրենք»։ Կառավարության այս նախաձեռնությունը մարդիկ դիմավորեցին բողոքի մեծ ալիքով, որը հետագայում ուղեկցվեց անհնազանդությամբ և բախումներով։ Ի վերջո, Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցերից հետո, որոնց ընթացքում իշխանությունը ուժ կիրառեց ցույցերը ցրելու համար, իշխող թիմը երկրորդ ընթերցմամբ մերժեց առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը։

Այսօր ունենք հետևյալ պատկերը` օրենքը հետ կանչելուց 1 տարի անց, 2024 թվականի ապրիլի 3-ին, մեծամասնության խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց նույն օրինանախագծի կրկին անգամ նախաձեռնելու մասին։

Իշխող կուսակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու «Օտարերկրյա ազդեցության օրենքը»՝ նույն տեքստով և միակ փոփոխությամբ՝ «գործակալ» եզրույթը փոխարինվում է «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» բացատրությամբ։

Ինչպես իշխանության վարքագիծը, այդպես էլ հասարակության արձագանքն այսօր չի փոխվել, երկու կողմերը միմյանց մեղադրում են սեփական շահեր հետապնդելու մեջ:

Այս մասին JNEWS-ը զրուցել է Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատող, Միացյալ Թագավորությունում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեի հետ։ Նա համարում է, որ այդ օրենքի կրկին նախաձեռնումը ուղղակիորեն դեմ է Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն:

Մեր այն հարցին, թե թեկնածության կարգավիճակ ստանալուց հետո ինչքանո՞վ էր սպասելի և տրամաբանական իշխող կուսակցության կողմից նման հայտարարություններ անելը, նա պատասխանեց.

«Այդ օրենքի նախաձեռնումը կխոչընդոտի անդամակցության բանակցությունների մեկնարկը եւ կարող է հանգեցնել Եվրամիության կողմից թեկնածուի կարգավիճակի հետ վերցմանը։ Մեր կառավարության հայտարարություններին և մտադրությունների ի պատասխան հայտարարություններով են հանդես եկել նաև Եվրամիությունը, ԵՄ անդամ առանձին երկրները, նրանց խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ կառավարությունը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվ այդ հայտարարություններում ուղիղ ասվում է, որ այս օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի հնարավորություններին՝ մերձենալու ոչ միայն Եվրամիության, այլեւ ՆԱՏՕ-ի հետ»։

Փորձագետը համարում է, որ այս քայլի տրամաբանությունն այն է, որ այս կառավարությունն, անկեղծորեն երբեք չի ցանկացել մերձենալ Եվրամիության հետ, ինչը պահանջում է ժողովրդավարական բարեփոխումներ, անկախ դատարան, ազատ ընտրություններ…

ԵՄ-ը Վրաստանին տվեց թեկնածության կարգավիճակ, կառավարությունից ակնկալելով նախապայմանների իրականացում, բայց դրա փոխարեն կառավարությունը նախաձեռնում է ժողովրդավարական ձևով տապալված օրինանախագիծը։

“Կառավարությունը փորձում է ընդունել օրենքը, քանի որ քաղաքացիական հասարակությանը, ոչ կառավարական կազմակերպություններին ընդունում են որպես վտանգ իրենց նպատակի համար, որն է պահպանել իշխանությունը ցանկացած միջոցներով, ներառյալ պարտավորությունների չկատարումը, հետևաբար նրանք ցանկանում են, որ ցանկացած քննադատություն, որը գալիս է հասարակական կազմակերպություններից, ճնշվի կամ պիտակավորվի, որպես այլ երկրի շահերից ելնելով գործող կազմակերպություններ, կամ օտարերկրյա գործակալներ»,- մեկնաբանում է փորձագետը:

Բազում հարցադրումներից թերևս ամենահետաքրքիրն այն է մնում, թե «Վրացական երազանքին» այս նախընտրական փուլում ի՞նչն է ստիպում այսպիսի հայտարարություններ անել, այն դեպքում, երբ անցած տարի այն ուղեկցվեց բողոքի լայնամասշտաբ ցույցերով և հասարակության կողմից բացասական տրամադրվածությամբ:

Բադրիձեն նշում է, որ դժվարանում է ասել, թե որն է հիմնական պատճառը, սակայն, ըստ նրա, կա ենթադրություն, որ հենց Ռուսաստանի հորդորով է այս կանոնի մասին նորից սկսվել քննարկումները։
Նա համարում է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որ իր ապագան պատկերացնում է ավելի անվտանգ, ազատ և բարեկեցիկ երկրում, պետք է պայքարի նմանատիպ իրադարձությունների դեմ: