«Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղամասային հանձնաժողովի բոլոր անդամները, որոնք ընտրվում են ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, պետք է ատեստավորվեն և ունենան համապատասխան հավաստագիր։ Ազգային փոքրամասնությունների շրջանների տեղամասային հանձնաժողովների անդամների քննությունը և ընտրությունը կայացել է:
Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է տեղամասային հանձնաժողովների անդամների պարտադիր ատեստավորմանը, որոնք ընտրվում են տարածքային հանձնաժողովի կողմից։ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների համար տեղամասային հանձնաժողովների կազմը 12-ից հասցվել էր 17 անդամի, որոնցից 8-ը ընտրվում են ԿԸՀ-ի կողմից, իսկ 9-ը՝ կուսակցական քվոտայով։ Տեղամասային հանձնաժողովի կողմից ընտրված 8 անդամները պետք է ունենան համապատասխան վկայական։
Առաջին փուլում թեստավորում էր հայտարարվել տեղամասային հանձնաժողովների պաշտոնատար անձանց համար (նախագահ, տեղակալ և քարտուղար), հետո թեստավորումն անցել են պարզապես ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ դառնալ ցանկացողները։
Ախալքալաքի մունիցիպալիտետից տեղամասային հանձնաժողովների պաշտոնատար անձանց թեստավորման համար գրանցվել է 295 քաղաքացի, մասնակցել է 258-ը, թեստը հանձնել և հավաստագիր է ստացել 254 մարդ։
Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամի վկայական ստանալու համար քննությանը գրանցվել է 459 մարդ, մասնակցել է 392-ը, թեստավորումը հանձնել է 383 մարդ։
Եթե քաղաքացին ստացել է պաշտոնատար անձի վկայական, ապա նա կարող է աշխատել որպես տեղամասային հանձնաժողովի անդամ, իսկ եթե տեղամասային հանձնաժողովի անդամի վկայական է ստացել, ապա չի կարող ընտրվել ընտրատեղամասային հանձնաժողովի պաշտոնատար դիրքերում։
Վրաստանի Ընտրական օրենսգրքում այլ փոփոխություններ էլ են եղել. օրինակ, այն, որ ընտրատեղամասերը կբացվեն ոչ թե ժամը 7-ին, ինչպես նախկինում էր, այլ 6.45-ին, կամ անհրաժեշտության դեպքում 1 շարժական քվեատուփի փոխարեն տեղամասը կարող է ունենալ երկու քվեատուփ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստում նախագահ, տեղակալ և քարտուղար ընտրելու կարիք չի լինի, դա արդեն արվելու է շրջանային ընտրական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև որոշ այլ փոփոխություններ։
Նշենք, որ Վրաստանում անցկացվել են և շարունակվում են անցկացվել նոր էլեկտրոնային ընտրական համակարգի մասին բնակչության իրազեկման քարոզարշավները։ Դրանք հիմնականում տեղի են ունենում մարդաշատ վայրերում, մետրոյի կայարաններում, կազմակերպություններում, Արդարադատության տներում, Համայնքային կենտրոններում և այլն։
Ախալքալաքի մունիցիպալիտետում քվեարկության էլեկտրոնային համակարգը կներդրվի 28 ընտրատեղամասում, մնացած 34 -ում քվեարկությունը կանցկացվի հին մեթոդով։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 19 տեղամասում քվեարկությունը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մնացած 16 տեղամասում կքվեարկեն նախկինի պես։
Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատեղամասերի մեծ մասը չի քվեարկի էլեկտրոնային համակարգով