Ըստ ԵՄ Կլիմայի փոփոխության Copernicus ծառայության, անցած փետրվարը դարձել է դիտարկումների պատմության մեջ ամենատաք փետրվարը: Միաժամանակ Եվրոպայում այն դարձել է իններորդ ամիսը ռեկորդային բարձր ջերմաստիճանով։

«Միջին գլոբալ ջերմաստիճանը վերջին 12 ամիսների ընթացքում՝ 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարը, եղել է ռեկորդային առումով ամենատաքը՝ 1,56 աստիճան»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ։

Ծովի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանները նույնպես դիտարկումների պատմության մեջ հասել են ռեկորդային ամենաբարձր մակարդակին:

Copernicus կլիմայի փոփոխության ծառայության տնօրեն Կառլո Բուոնտեմպոյի խոսքով, այս փետրվարը միանում է վերջին մի քանի ամիսների ռեկորդների երկար շարքին և դրա մեղավորը ջերմոցային գազերի արտանետումներն են։ Նա նաև հայտարարել է, որ նման իրադարձությունները «զարմանալի» չեն թվում, քանի որ կլիմայական համակարգի շարունակական տաքացումը, ցավոք, անխուսափելիորեն հանգեցնում է նոր ծայրահեղ ջերմաստիճանների։

«Եթե մենք չկարողանանք դրանք կայունացնել, մենք անխուսափելիորեն կբախվենք ջերմաստիճանի նոր գլոբալ ռեկորդների և դրանց հետևանքների հետ», – ընդգծել է նա:

Ասում են, որ անհավատալի շոգի հիմնական պատճառը Էլ-Նինյոն է, որը նպաստում է ծովի ջերմաստիճանի բարձրացմանը, որը դիտվել է վերջին մի քանի տարիներին։