Ալաստան և Կոկիո գյուղերի բնակիչներին հետաքրքրում է, թե արդյոք կվերականգնվի հին մանկական ճամբարը, ինչպես տեղացիներն են անվանում՝ Ճոբարեթը։ Ճամբարը գտնվում էր հենց այս գյուղերի տարածքում, բնակիչները կարծում են, որ ճամբարի վերականգնումն ու աշխատանքն աշխուժություն կբերի կենտրոնից հեռու գտնվող մունիցիպալիտետի այս գյուղերին։

Ալաստան գյուղի բնակիչները Jnews-ի լրագրողներին խնդրեցին ճշտել՝ արդյոք նախկին մանկական «Ճոբարեթ» ճամբարը, որը գտնվում է արգելոցի՝ Ջավախեթիի ազգային պարկի տարածքում, կվերականգնվի։ Նշենք, որ այս վայրերը բացառիկ են և առանձնանում են Ջավախքի մերկ լեռների ֆոնին, քանի որ Թեթրոբին և Ճոբարեթը դրանք անտառներ են, որտեղ ապրում են բազմաթիվ վայրի կենդանիներ, այդ թվում՝ գիշատիչներ՝ արջեր, գայլեր, լուսաններ և այլն։

ԽՍՀՄ-ի փլուզման հետ մեկտեղ փլուզվեց նաև մանկական ճամբարը, որտեղ նախկինում երեխաներին բերում էին տարբեր վայրերից, և այս պահին ընդամենը 4 պատն է հիշեցնում, որ ժամանակին այստեղ աղմկոտ է եղել ու ուրախ։ Ալաստանի բնակիչները դեռ հույսները չեն կորցրել, որ այս վայրը կյանք կառնի՝ հետզհետե դատարկվող իրենց գյուղի հետ միասին։ Հույսն ամրացնում է այն, որ արգելոցի տարածքում արդեն կառուցվել է 3 քոթեջ զբոսաշրջիկների համար։ Բնակիչները հույս ունեն, որ կբարեկարգվի նաեւ Ճոբարեթ տանող ճանապարհը։

Дизайн без названия - 1 Ճամբարի շենքը

Տեղական իշխանությունները տեղեկություն չունեն այս հարցի վերաբերյալ, սակայն Ջավախքի ազգային պարկում մեզ ասացին, որ այս վայրն ուսումնասիրվել է, բայց այս պահին Ճոբարեթի նախկին ճամբարի վերականգնման կոնկրետ ծրագրեր չկան։

«Ճամբարի տարածքը արգելոցի մաս է կազմում: Փորձագետները եկել են, կարծես թե նախորդ տարի, ուսումնասիրել են, բայց դեռ չգիտենք, թե այնտեղ ինչ են կառուցելու՝ հանգստյան տուն, առողջարան, թե ճամբար, կամ՝ երբ: Թեև սա մեր իրավասությունների մեջ չէ, մենք պարզապես օգնեցինք նրանց հասնել այնտեղ: Բայց չգիտեմ, թե ով է դա անելու: Շատ ավելի վաղ նրանք ցանկանում էին այս վայրում 4 հարկանի հանգստյան տուն կառուցել, բայց հետո նախագիծը չգիտես ինչու սառեցվեց»,- ասում է Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Կարապետյանը: