Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղից Գրիգոր Ասլանյանը Ջավախքի այն սակավաթիվ անասնապահներից է, ով հայտարարում է, որ անասնաբուծությունը եկամտաբեր և ձեռնտու գործ է։ Նա կարծում է, որ դրան օգնում է անասունների արհեստական բեղմնավորումը, որի օգնությամբ ստանում ես սպասված արդյունքը։
Արհեստական բեղմնավորման միջոցով նա ձեռք է բերել կովերի եվրոպական ցեղատեսակներ (Շվից, Ջերսի, Հոլշտեյն), որոնք ավելի դիմացկուն են մեր բնակլիմայական պայմաններին, քան նույն ցեղատեսակի բերված կովերը։
Անասնաբույժ Գրիգոր Ասլանյանն ապրում է Կարծախ գյուղում, ավելի քան 20 տարի է զբաղվում է անասնապահությամբ։ Այժմ նա իր ֆերմայում ունի 8 կով և երկու հորթ, կովերի թվում կան կաթնատու և մսատու ցեղատեսակներ։ Գրիգոր Ասլանյանը անասնապահությունը համարում է գյուղատնտեսության ամենաշահութաբեր ոլորտներից մեկը և մտադիր է էլ ավելի ընդլայնել իր տնտեսությունը։
Նրա խոսքով, անասնաբուծությունից տարեկան 15000 լարի եկամուտ է ստանում։
«Ցանկացած գործում, եթե խելամտորեն և լիարժեք աշխատես, ապա իհարկե արդյունքի կհասնես»,- ասում է նա։
Ձմեռային սեզոնին նա ամեն օր ստանում և վաճառում է 25-30 լիտր կաթ, իսկ գարնանը և ամռանը` մինչև 100 լիտր կաթ։ Գրիգորը կաթը հանձնում է Նինոծմինդայի պանիր և կաթնամթերք արտադրողին 1,20 լարիով, իսկ միսը վաճառում է 18,5 լարիով։
Անցյալ տարվա գարնանը կաթը վաճառել է թանկ՝ 1,60-1,80 լարիով, սակայն ամառվա եւ աշնան ընթացքում աստիճանաբար գինն իջավ։ Այսօրվա գինը Գրիգորը նորմալ է համարում, թեև մտավախություն ունի, որ կաթի գինը կարող է էլ ավելի նվազի, և այդ դեպքում, ըստ նրա, անասնապահությունն այլևս շահութաբեր չի լինի։ Բայց, չնայած այս ամենին, նա մտադիր է մեծացնել իր տնտեսությունը, կարծում է, որ կաթի ցածր գինը ժամանակավոր է։ Նա հույս ունի, որ հետագայում գինը կբարձրանա, քանի որ պետությունն արդեն ներգրավված է և վերահսկում է կաթնամթերք արտադրողներին, որպեսզի նրանք չօգտագործեն բուսական ճարպեր։
Գրիգոր Ասլանյանն ինքը կաթը չի վերամշակում, քանի որ այդ դեպքում ստիպված կլիներ մթերքի համար իրացման շուկաներ փնտրել։ Նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։
Գրիգոր Ասլանյանը շահութաբեր անասնաբուծության գրավականն է համարում կովերի լավ ցեղատեսակը:
«Ես ստացել եմ Շվից, Ջերսի և Հոլշտեյն ցեղատեսակները և կարծում եմ, որ արհեստական բեղմնավորման միջոցով այս ցեղատեսակները տեղում ստանալն ավելի լավ է, քան բերված կովերը, քանի որ արհեստական բեղմնավորման միջոցով ստացված ցեղատեսակները ավելի հարմարեցված են տեղական բնակլիմայական պայմաններին: Երկու բեղմնավորումից հետո ցեղատեսակն արդեն լավանում է»,- ասում է Գրիգորը։
Արհեստական բեղմնավորման միջոցով ծնված 3 կովերից 2-ն արդեն ծնել են։
Արհեստական բեղմնավորման միջոցով ստացված կովերն այնքան խոշոր չեն, որքան նույն ցեղի ներկրված կովերը, և նրանք ավելի քիչ անասնակեր են օգտագործում։ Մեկ կովը տարեկան ուտում է 1,5 տոննա խոտ։
Ջավախքի անասնաբույծների շրջանում անասունների արհեստական բեղմնավորումը տարածված չէ, սակայն Գրիգորը հույս ունի, որ ֆերմերները արդյունքը տեսնելուց հետո անմիջապես կփոխեն իրենց կարծիքը։