Երեկ՝ փետրվարի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո և Կիրովական գյուղերում տեղի ունեցան, առաջնահերթ աշխատանքներն ընտրելու, գյուղի բնակիչների ժողովները, որոնք գյուղերը կիրականացնեն «Օգնություն գյուղին» ծրագրով (ՕԳԾ) 2024 թվականին։ Բնակիչների ժողովներին շատ
մարդ չկար, եկել էին միայն տղամարդիկ, քննարկումները կարճատև էին։
Գյուղերում ժողովները համակարգում էին քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և քաղաքապետարանի գույքի և պլանավորման վարչության մասնագետ Ավագ Արևյանը։
Կումուրդո
Կումուրդո գյուղում գյուղացիները հավաքվել էին հին դպրոցի մոտ։ Մարդիկ շատ չէին, մոտ 25 հոգի, այս 25-ից միայն 3-4 հոգին էին ակտիվ քննարկումների ժամանակ։ Ժողովին կանայք չկային, և ընդհանրապես գյուղերում նման հանդիպումներին միայն տղամարդիկ են հավաքվում։
Բնակիչները սկսեցին քննարկել ծիսակատարությունների տան ընդլայնման, ինչպես նաև գյուղական ներքին ճանապարհների բարեկարգման հարցը։
Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանն ասաց, որ ընդլայնումը մեծ միջոցներ է պահանջում, միգուցե ապագայում դա արվի տեղական բյուջեի միջոցներով։ Նա նաև նշեց, որ Կումուրդո գյուղն ավելի բարեկարգ է համեմատած մյուս գյուղերի հետ։
«Նախնական հաշվարկ արեք պարզելու, թե որքան գումար կպահանջվի ծիսակատարությունների տունը բարեկարգելու համար, հետո եթե հավելյալ միջոցներ պետք լինի, տեղական բյուջեն կարող է ավելացնել, օրինակ՝ եթե 25000 լարի անհրաժեշտ լինի, իսկ դուք ունենաք 20000 լարի՝ տեղական բյուջեն կարող է 5000 լարին ավելացնել: Ինչ վերաբերում է ընդլայնմանը, երևի այս տարի նախագիծ կկազմենք, իսկ հետագայում շինարարությունը կլինի»,- ասաց Մկրտիչ Մղդեսյանը։
Վերջնարդյունքում Կումուրդոյի բնակիչները կարճ քննարկումներից հետո կանգ առան ծիսակատարությունների տան համար աթոռներ, սեղաններ և սպասք գնելու վրա։
Կումուրդո գյուղի ՕԳԾ-ով գումարը 20000 լարի է։
Կիրովական
Երկրորդ գյուղը, որտեղ երեկ ՕԳԾ-ով ժողով տեղի ունեցավ, Կիրովականն է։ Այնտեղ գյուղացիները հավաքվել էին խանութի մոտ։ Մոտ 20 բնակիչ կար, կրկին միայն տղամարդիկ էին եկել։
Կիրովական գյուղում առաջարկ եղավ կառուցել ջրանցքները, սակայն քննարկումներից հետո որոշեցին գումարը ծախսել գյուղի երկու կողմերում գտնվող փոքր կամուրջների բարեկարգման վրա, որոնց վրայով բնակիչների տեխնիկան անցնում է գյուղատնտեսական ցանքատարածություններ, իսկ մնացած միջոցներով նրանք որոշեցին պարզապես խիճ գնել և գյուղում փոսերը լցնել՝ առանց հարթեցման:
Կիրովական գյուղի ՕԳԾ-ով գումարը կազմում է 12000 լարի։
Նշենք, որ երեկ գյուղերում ժողովների վերջին օրն էր: Դրանք անցկացվել են քաղաքապետարանում կազմված ժամանակացույցի համաձայն և սկսվել են փետրվարի 5-ից։ Քաղաքապետարանում, քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներից կազմված, ստեղծվել են ժամանակավոր հանձնաժողովներ, որոնք մասնակցել են հանրային ժողովներին և համակարգել առաջնահերթ աշխատանքների ընտրությունը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի համար նախատեսված ՕԳԾ-ի գումարը մի քանի տարի է չի փոխվել և կազմում է 922 000 լարի։
«Օգնություն գյուղին» ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը կազմում է 10000 լարի, իսկ ամենամեծ գումարը՝ 20000 լարի։ Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը կարող են ստանալ 12000 լարի կամ 16000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։
Վրաստանում վերը նշված ծրագիրն իրականացվում է 2011 թվականից՝ երկու տարի (2017, 2018) ընդմիջումով: