Ախալքալաքի փողոցները մաքրվում են ձյունից, սակայն դրանք դեռևս դժվարանցանելի են ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար։ Ձյունը ոչ թե հեռացնում են փողոցներից, այլ ուղղակի տեղափոխում են կողքերը։ Քաղաքի մայթերը հիմնականում մաքրված չեն, Ախալքալաքի կենտրոնի մի քանի վայրերում մայթերը մաքրում է Սպասարկման կենտրոնը, իսկ կենտրոնական փողոցներն ու գյուղական ճանապարհները ձյունից մաքրում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը։
Փետրվարի 6-ին Ախալքալաքում տեղացած առատ ձյունից ու բուքից հետո ճանապարհներն անանցանելի են ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար։ Քաղաքում հետիոտները շարժվում են մեքենաների հետ միասին, քանի որ մայթերը խցանված են ձյունով։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, իրենք մաքրում են միայն կենտրոնական փողոցների մայթերը, մաքրել են զբոսայգին, դրա շրջակայքի մայթերը, մաքրել են նաև քաղաքապետարանի և սակրեբուլոյի բակը։
«Բոլոր մայթերը մաքրված են, ձյունը տեղափոխվում է փողոց, այլ տարբերակ չունենք, մեքենաների համար ճանապարհներ չենք կարող մաքրել, նման տեխնիկա չունենք, փողոցի ձյունը մաքրելու հնարավորություն էլ չունենք։ Մենք հիմնականում բահով ենք աշխատում»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնն ունի ձնամաքրման երկու տեխնիկա։
Մեր զրույցից որոշ ժամանակ անց Մխիթար Ռստակյանը զանգահարեց ու ասաց, որ իրենք միջոցներ են գտել են և հետիոտների ու մեքենաների հարմարության համար արդեն կենտրոնական փողոցներից ձյունը մաքրում են։ Սկսել են Չարենցի փողոցից, վաղը, ըստ նրա, կմաքրեն շուկայի մոտի ձյունը:
Դժվարանցանելի են նաև այն փողոցները, որոնք մաքրվել են ձյունից, այսինքն՝ որոնցով անցել է գրեյդերը, քանի որ ճանապարհից մաքրված ձյունը կուտակվում է ճանապարհի եզրերով, նեղացնելով այն և արգելափակելով տեղցիների համար սովորույթ դարձած մայթերին կայանման տեղերը։
Մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները ձյունից մաքրում է «Ջավախ ավտո գզա» ընկերությունը։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն քաղաքապետարանից հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու ուղղությամբ։
Մունիցիպալիտետում կան և բաց, և փակ, ինչպես նաև դժվարանցանելի ճանապարհներ։
Ճանապարհներն ու մայթերը ձյունից մաքրելու համակարգը, ինչպես ցույց է տվել պրակտիկան, անարդյունավետ է։ Առատ տեղումների դեպքում և՛ համակարգը, և՛ բնակիչները կանգնում են խնդրի առջև: