Արդեն գրեթե երկու տարի է «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի ընդունելության քննության գործնական մասը երկփուլ է դարձել․ առաջինը հատուկ փակ տարածքում, երկրորդը՝ քաղաքում, իրական երթևեկության պայմաններում։ Ախալքալաքում իրական երթևեկության պայմաններում քննություն հանձնել ենթակառուցվածքի պատճառով հնարավոր չէ, այդ իսկ պատճառով հիմնականում ախալքալաքցիներն այդ քննությունը հանձնում են Ախալցիխեում։
Սակայն Ախալցիխեում քննություն հանձնողները գտնում են, որ շատերին դիտմամբ կտրում են քննությունից, այդ պատճառով, իրենք հասնում են մինչև Բաթումի և այլ քաղաքներ։
Երկու տարվա ընթացքում, ինչպես ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրությունն է ցույց տալիս՝ Սամցխե-Ջավախքում վարորդական վկայական ստացողների թիվը նվազել է։
2023 թվականի IV եռամսյակում Սամցխե-Ջավախեթիում վարորդական իրավունքի վկայական է ստացել 118 մարդ, 73-ով քիչ III եռամսյակի համեմատ։
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի բնակիչներն այս վիճակագրությունը հիմնականում բացատրում են նրանով, որ իրենց կարծիքով տեսուչները դիտմամբ կտրում են քննություն հանձնողներին և դրանով բյուջե են լցնում։
Ախալքալաքից 17-ամյա երիտասարդը վարորդական իրավունքի քննությունը իրական երթևեկության պայմաններում առաջին անգամ հանձնել է Ախալցիխեում և կտրվել է։
«Ես կարծում եմ, որ տեսուչը դիտմամբ կտրեց, կողքի մեքենայից հեռավորություն չպահելու համար, բայց եթե իրենց ներկայացրած հեռավորությունը պահեի, ապա կողքի գծի վրա կբարձրանայի, այդ դեպքում նույնպես խախտում կանեի։ Թույլատրելի հեռավորությունը նվազագույնը 0․50-0,70 սմ է, առավելագունը 1 մետր», – ասաց նա։
Այդ դեպքից հետո մեր զրուցակիցը որոշել և գնացել է Բաթումիում քննությունը հանձնելու։ Լսել է, որ այնտեղ տեսուչները դիդմամբ բաներ չեն անում։ Սակայն կրկին չի կարողացել հանձնել քննությունը, քանի որ, ինչպես ինքն է նշում այդ քաղաքի երթևեկությանը ծանոթ չի եղել։
Վերջինս որոշել է չհանձնվել ու նորից փորձել Ախալցիխեում հանձնել։ Ասում է՝ չի ուզում այլ քաղաք գնալ, հարցուփորձ է արել, շատերը 5-6 փորձից հանձնում են։
«Ես կարծում եմ, որ սա շատ լավ գումար աշխատելու միջոց է։ Կան մարդիկ, որ բողոքում են»։
Բարալեթ գյուղից Սամվել Խեչոյանը վարորդական իրավունքի քննության հետ կապված մի շարք խնդիրներ է թվարկում։
«Մենք Ախալքալաքից գոհ ենք, թե թեստերը, թե հրապարակի քննությունը նորմալ հանձնում են։ Մեր շրջապատում մարդիկ կան, որ ասում են Ախալցիխեում մինչև 4-5 անգամ չփորձս, չես հանձնի։ Դա զարմանալի է, քանի որ Ախալցիխե մի քանի մունիցիպալիտետից են գնում քննություն հանձնելու, միթե՞ այդքանի մեջ չկա մի վարորդ, որ համապատասխանի չափանիշներին և առաջի կամ թեկուզ երկրորդ փորձից հանձնի քննությունը։ Նրանք իրենց ուզածով են անում, մի գուցե բյուջեն են լցնում, չեմ կարող ասել», – ասաց նա։
Սամվելը նշում է, անցումների ժամանակ հետիոտնը պատահական հայտնվում է մեքենայի դիմաց, քննություն հանձնողը միանգամից կանգնում է, տեսուչն ասում է՝ չի կարելի միանգամից արգելակել և կտրում է քննությունից։
«Վարորդը որտեղից պետք է իմանա, որ հետիոտնը մեքենայի դիմաց է թռնելու, որ կամաց արգելակելով երթևեկի։ Կարելի էր բարդացնել, ոչ թե այնպես անել, որ բյուջե լցնելու համար դիտմամբ կտրեին։ Իրականում քննություն հանձնողի մոտ ոչինչ չի փոխվում, նա նույն ձև է վարում մեքենան», – ասում է Սամվելը։
Վերջինս նաև շեշտում է, որ Ախալքալաքում սովորելու տեղ չկա, որ ցանկացողները գնան սովորեն։
Թե ինչ ֆունկցիա ունի տեսուչը քննության ընթացքում և այլ հարցերի պատասխանները կհրապարակենք մեր հաջորդ հոդվածում։ Jnews-ը այդ հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր դիմում է ներկայացրել Վրաստանի Սպասարկման գործակալություն։
Ստորև ներկայացնում ենք հղումը, որտեղ կարող եք գրանցվել վարորդական իրավունքի քննությունները հանձնելու համար։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝