2022 թվականի ապրիլից «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի ընդունելության քննության գործնական մասը երկփուլ դարձավ՝ առաջինը հատուկ փակ տարածքում, երկրորդը՝ քաղաքում, իրական երթևեկության պայմաններում։ Ինչը դժվարացրեց վարորդական իրավունք ստանալը, շատերը չեն կարողանում հանձնել քննությունը։
Կարեն Չիվչյանն արդեն երկու անգամ է քննություն է հանձնում՝ իրական երթևեկության պայմաններում։ Ասում է՝ դժվար է, բայց պետք է, ավելի լավ են սովորում։
«Երբ ես տեսական թեստն եմ տվել, դեռ չէր ավելացել տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերը, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե ինչ է ավելացել և արդյո՞ք դժվար է։ Բայց կարող եմ ասել, որ բավականին դժվար է քաղաքում երթևեկությունը, որտեղից էլ կտրվում են հիմնականում։ Ես երկու անգամ կտրվել եմ քաղաքում՝ իրական պայմաններում երթևեկության քննությունից, բայց, որ ասեմ դիտմամբ են կտրում, ոչ։ Մի դեպքում չեմ հասցրել երթևեկության գիծը փոխել, քանի որ ընկա խցանման մեջ և չհասցրի, մյուս դեպքում էլ չեմ զիջել»,- ասում է Կարենը։
Կարենը մինչև հիմա ծախսել է 225 լարի, սկզբում վճարել է 15 լարի տեսական քննության, 30 լարի փակ հրապարակում քննությունը հանձնելու, և երկու անգամ 90-ական լարի քաղաքում վարելու քննության համար, բայց դեռ չի ստացել վարորդական իրավունքի վկայական։
«Եթե ուզում ես, որ մեկ ամսից կամ մի քիչ ուշ նորից քննություն հանձնես քաղաքում, ապա կարող ես վճարել 90 լարի, բայց՝ եթե ուզում ես 10 օրից մտնել, ուրեմն՝ 250 լարի։ Ինչ վերաբերում է փակ հրապարակում քննությանը, ապա այն կարող ենք հանձնել մեկ շաբաթ անց՝ անվճար, իսկ եթե այդ օրն ես ուզում հանձնել, ապա 30 լարի պետք է վճարես։ Իրական երթևեկության պայմաններում քննությունը հանձնելը վճարովի է՝ 90 լարի», – ավելացնում է Կարենը։
Ախալքալաքում չի գործում, բայց Ախալցիխեում կան մասնավոր ուսուցման կենտրոններ, որտեղ սովորեցնում են ինչպես հանձնել քննությունները, փակ հրապարակի պայմաններում, այնպես էլ քաղաքում, սակայն հիմա արգելվում է պարապել քաղաքում, իրական պայմաններում։
«Օրենքով չի կարելի, խախտելու դեպքում հնարավոր է նաև տուգանք գրեն, այդ իսկ պատճառով մինչև ինչ-որ փոփոխություն չլինի, իրավունք չունենք սովորեցնելու քաղաքում՝ իրական երթևեկության պայմաններում, բայց կարող ենք բացատրել նստեցնելով մեր կողքը, անցնելով այդ ուղիներով և ցույց տալ։ Օրենքով կսահմանվի կարգը, ոչ թե նույն ուղիով, այլ ուրիշ երթուղիով կերթևեկենք, որտեղ հնարավոր կլինի ուսուցման համար երթևեկել»,- ասում է Ախալցիխեի երթևեկության ուսուցման մասնավոր դպրոց “Կանաչ լույս”-ի ներկայացուցիչը։
Ինչպես նաև վերջինս նշեց, որ օրական նվազագույնը 3-4 մարդ Ախալքալաքից և Նինոծմինդայից դիմում են դասընթացներն անցնելու համար։
Հիշեցնենք, որ վարորդ դառնալու թեկնածուն իրավունք ունի առաջին փուլը հաջողությամբ անցնելուց հետո 365 օրացուցային օրվա ընթացքում անցնել գործնական քննության երկրորդ փուլը։ Անբավարար արդյունքի դեպքում՝ հաջորդ քննությունը հնարավոր կլինի հանձնել հերթագրվելով՝ ոչ շուտ, քան 30 օրում։ Իսկ 365-օրյա ժամկետը լրանալու դեպքում տեսական և գործնական քննության առաջին փուլում ստացված բավարար արդյունքը կորցնում է իր օրինական ուժը։