«Սոցիալական արդարության կենտրոն» կազմակերպության տվյալներով՝ 5 տարվա ընթացքում կնասպանության 66 դեպքից 37-ի դեպքում զոհ են դարձել ազգությամբ վրացիներ, 17-ում՝ էթնիկ ադրբեջանցիներ, և միայն 4-ում՝ էթնիկ հայեր: Jnews-ը փորձել է դիտարկել Ջավախքում հայկական կնասպանության և ընտանեկան խնդիրների առանձնահատկությունները:

2018-2022 թվականներին Վրաստանում գրանցվել է կանանց սպանության և սպանության փորձի 183 դեպք։ Այդ դեպքերից 66-ը որակվել են որպես ֆեմիցիդ։ Տվյալ 66 գործում 34-ը մեղավոր են ճանաչվել։ Ֆեմիցիդի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Թբիլիսիում (23 դեպք) և Քվեմո Քարթլիում (14 դեպք): Այս մասին ասվում է «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հայտարարության մեջ։

Չնայած այն հանգամանքին, որ, ըստ վիճակագրության` Վրաստանում գենդերային ատելության հողի վրա էթնիկ հայերի սպանությունների ավելի քիչ դեպքեր կան, նման դեպքեր, այնուամենայնիվ, գրանցվել են:

«Մարդիկ չեն միջամտում, երբ տեղի են ունենում տարաբնույթ բռնություններ, բռնությանը չեն հակազդում: Այս ամենը գալիս է հայկական մտածելակերպից, տարածված կարծրատիպերից, մտածողությունից: Կա բռնության 4 տեսակ, ֆիզիկական բռնություն, հոգեբանական, տնտեսական և էմոցիոնալ բռնություն: Հաճախ կանայք են կիրառում էմոցիոնալ բռնություն տղամարդու նկատմամբ, քանի որ հայկական ընտանիքներում հիմնականում տղամարդիկ են պահում այն, որոնք պետք է ապահովեն բոլորի կարիքները: Մի օր այս ամենը կարող է հանգեցնել ֆիզիկական բռնության և, հնարավոր է, ֆեմիցիդ-կնասպանություն»,- ասում է «Սաֆարի» հասարակական կազմակերպության իրավաբան, կամավոր Լիլիթ Կարապետյանը։

Լիլիթը կարծում է, որ իրական դեպքերն ավելի շատ են, քան գրանցված են վիճակագրության մեջ։ Հաճախ բռնության զոհերը բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ մտածելակերպով, չեն կապվում իրավապահ մարմինների հետ: Մյուս կողմից, Վրաստանի հայերի շրջանում կանանց սպանությունների համեմատաբար ավելի ցածր թիվը նա բացատրում է հետևյալ պատճառներով.

«Հայ կանայք դիմանում են հոգեբանական բռնությանը, ֆիզիկական բռնությանը, ուստի դա չի հանգեցնում մահվան ելքի։ Այլ ազգերի ներկայացուցիչներ դիմում են իրավապահ մարմիններին, խոսում են այդ մասին, ամուսնալուծվում։ Արդյունքում՝ տղամարդը, ով չի ընդունում, որ կինը կարող է հեռանալ, իսկ նա կարող է կորցնել իր երեխաներին, ծայրահեղ քայլերի են դիմում, հաճախ հասարակական վայրերում ֆեմիցիդի, ինչպես եղավ անցյալ տարի, օրինակ՝ ավտոբուսում սպանության դեպքը»,- ասում է նա։

Վրաստանի ՄԻՊ գրասենյակի տվյալներով՝ 2023 թվականի 6 ամսում գրանցվել է կանանց սպանության 13 դեպք, ինչը, ի տարբերություն 2022 թվականի, 54%-ով գերազանցում է կնասպանության փորձերի տվյալները և վկայում է ֆեմիցիդի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին: Ըստ վիճակագրության՝ ֆեմիցիդի և ֆեմիցիդի փորձի զոհերի տարիքը տատանվում է 18-ից մինչև 60 տարեկան, թեև ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է 30-ից 40 տարեկան կատեգորիայում (28 դեպք): Տվյալները նաև ցույց են տվել, որ կանանց սպանության մեջ զոհերը և մեղադրվողները շատ դեպքերում ամուսիններ կամ նախկին ամուսիններ են:

Ըստ Լիլիթի` կանայք սկսել են ավելի հաճախ դիմել ապահարզանի, սակայն այս հարցում հստակ վիճակագրություն չկա, քանի որ հաճախ կան զույգեր, ովքեր պաշտոնապես չեն գրանցում իրենց ամուսնությունը։

«Հաճախ, նույնիսկ երբ բռնությունից հետո կապվում են ինձ հետ, մենք հարցը լուծում ենք այնպես, որ գործը չհասնի դատարան, քանի որ մեր կանայք վախենում են հետևանքներից և իրենց ամուսնու ու նրա հարազատների գործելակերպից: Եթե անգամ գործը հասնի դատարան, և նույնիսկ եթե ամուսինը 4 ամսով դատվի, ապա նա հետո դուրս կգա, և դա կարող է հանգեցնել ծեծի, բռնության և կնասպանության։Ժամանակի ընթացքում կինը ընտելանում է բռնությանը, եթե ընտանիքում կա բռնություն, ոչ ոք չի կարող խառնվել ընտանեկան գործերին՝ ոչ հարևանները, ոչ հարազատները, քանի որ, ելնելով մտածելակերպից, յուրաքանչյուր մարդու ընտանիքն իր անձնական գործն է»,- ասում է նա։

Սակայն Ջավախքն ունի ընտանեկան տարաձայնությունների իր առանձնահատկությունները ևս, որոնք հանդիսանում են խոպանի հետևանք։

«Գործերի մի մասը, որոնց վրա մենք աշխատում ենք, վերաբերում է այն կանանց, ովքեր ամուսնալուծվում են իրենց ամուսիններից, որոնք շատ քիչ ժամանակ են անցկացնում ընտանիքում, գնում են արտագնա աշխատանքի և չեն վերադառնում: Այդ պատճառով ընտանիքում կոնֆլիկտներ են ծագում, նրանք միմյանց չեն հասկանում, և հաճախ լինում են խանդի տեսարաններ, ամուսինները չեն վստահում իրենց կանանց: Մինչ տուն վերադառնալն այս ամենն արտացոլվում է հոգեբանական բռնությամբ, իսկ հետո արտահայտվում է ֆիզիկական բռնությամբ, և ապա՝ ամուսնալուծություն: Կարող եմ նաև ասել, որ ամուսնալուծվածների մեծ մասը երեխաներ ունեն, այսինքն՝ եթե նախկինում չէին ամուսնալուծվում, քանի որ չէին ուզում երեխաներին վնասել, բայց հիմա դա այլևս արդարացում կամ խոչընդոտ չէ ամուսնալուծության համար»:

Ըստ Վրաստանում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ վերջին ազգային հետազոտության, կանանց 18,2%-ը վերջին 12 ամիսների ընթացքում ենթարկվել է կանանց նկատմամբ բռնության այս կամ այն տեսակի: Բռնության տարածվածությունն ողջ կյանքի ընթացքում ավելի բարձր է, և կանանց 50.1%-ը ենթարկվել է կանանց նկատմամբ բռնության առնվազն մեկ ձևի: Բացի այդ, զուգընկեր ունեցած կանանց 26,5%-ը կյանքի ընթացքում ինչ-որ մի ժամանակ ենթարկվել է բռնության զուգընկերոջ կողմից: Շատ դեպքերում կանայք ենթարկվում են բռնության մեկից ավելի տեսակների:

Պետական մակարդակով կան կնասպանության (ֆեմիցիդի) կանխարգելիչ մեխանիզմներ, օրինակ՝ պաշտպանող, արգելող դատական հրամաններ, իրավախախտների (բռնարարների) համար էլեկտրոնային մոնիտորինգի համակարգեր, իրավախախտների վարքագծի շտկման ծրագրեր, ակտիվացված չաթով 112 բջջային հավելված և SOS կոճակի գործառույթը… Ըստ օրենսդրության՝ բռնության պատճառների ուսումնասիրությունը դիտարկվում է որպես կանխարգելիչ մեխանիզմ, հետազոտություններ, համապատասխան տեղեկատվական և կրթական արշավներ անցկացում, բռնարարի պատասխանատվության, զոհերի իրավական երաշխիքների մասին տեղեկատվության տարածում և այլն։ Մեխանիզմները, սակայն, հաճախ չեն օգտագործվում կամ գործում են ուշացումով և անարդյունավետ են: