Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

Հայաստանի աշխատանքային շուկան երբեք մեծ չի եղել, բայց վերջին շրջանում թափուր աշխատատեղերի պահանջարկն աճել է մեծ թվով ռուսաստանցիների և Հնդկաստանի քաղաքացիների ներհոսքի հետևանքով։ Իսկ անցած տարվա սեպտեմբերից՝ նաև 100 հազարից ավելի արցախցիների։ Եվ եթե ՌԴ-ից տեղափոխվածները հիմնականում ապահովված են աշխատանքով՝ առցանց և այլ երկրների գործատուների կողմից, նաև հնարավորություն ունեն սեփական բիզնես հիմնել, ապա մյուսները ստիպված են բավարարվել տեղի աշխատաշուկայի առաջարկներով։

Ինչ վերաբերում արցախցիներին, ապա ՀՀ կառավարությունը նրանց զանգվածային տեղափոխումից անմիջապես հետո զբաղվածության տարբեր ծրագրեր է իրականացնում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մշակող արդյունաբերության, կրթության, ծառայությունների և շինարարության ոլորտներում աշխատանքի է անցել 5351 մարդ։ 180 բուժաշխատողներ սկսել են աշխատել Երևանի և մարզերի տարբեր կլինիկաներում։ 1608 արցախցի աշխատանքի ուղեգիր է ստացել Միասնական սոցիալական ծառայությանից։

Անցած շաբաթ բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց։ Առկա թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով նրանք կանցնեն մասնագիտական ուսուցում և վճարվող աշխատանքային պրակտիկա։

Միաժամանակ, կան մարդիկ, որոնք փորձում են սեփական գործ հիմնել իրենց ընտանիքները պահելու համար։ Այս հոդվածում՝ նրանցից մի քանիսի մասին։

«Էն ժենգյալով հացի աղջիկն է»

Ժենգյալով հացի անուշ բուրմունքը անցորդներին բերում է Գայանեի վարձակալած փոքրիկ տարածքը, որի վրա գրված է «Արցախի շունչը Էջմիածնում»։

Պատուհանի այն կողմում երիտասարդ կինը գրտնակում է խմորը, մատների ճկուն շարժումներով նրբորեն բացված խմորը ծածկում կանաչիներով։

Գայանեն գրտնակում է խմորը: Էջմիածին, 2023
Գայանեն գրտնակում է խմորը

«Կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ, եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ․․․- թվարկում է Գայանեն։ — Հայաստանում էլ կան բոլոր անհրաժեշտ կանաչիները։ Պատրաստի չեմ ունենում, հենց պատվիրում են, նոր պատրաստում եմ, որպեսզի տաք-տաք համտեսեն»։

Երկու երեխաների մայր, 27-ամյա Գայանեն Պետրոսյանը Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղից է։ Ընտանիքով հաստատվել է Էջմիածնում։

«Երբ եկանք այստեղ, ասեցի՝ սա փոքր Ստեփանակերտ է, մնանք Էջմիածնում։ Ես շատ լավ եմ ժենգյալով հաց թխում։ Այն պատրաստելը մի ամբողջ ծիսակարգ է, որը հարազատներին մի վայրում հավաքելու խորհուրդն ունի։ Ամեն շաբաթ-կիրակի տատիկս թխում էր, հավաքվում էինք բոլորս»,- արցունքների միջից ժպտալով հիշում է Գայանեն։

Նրա փոքրիկ բիզնեսի պատմությունը մեկնարկել է համացանցում։ Սկսել է պատվերներ ընդունել, հասկացել, որ պահանջարկ կա։ Ասում է՝ քաղաքում իրեն արդեն դեմքով գիտեն.

«Հանդիպելիս ասում են. «Էն ժենգյալով հացի աղջիկն է»։ Կեսօրին ամենից շատն է վաճառվում։ Եթե պատվերներս ավելանան, ավելի մեծ տարածք կվերցնեմ, որ հնարավոր լինի նստել ընտանիքով, ընկերներով վայելել Արցախի համն ու հոտը։ Սկսել եմ փոքր քայլերից, ամրապնդվեմ՝ կգնամ ավելի համարձակ քայլերի։

Ապրում ենք երկու սենյականոցում տաս հոգով։ Ո՞նց կլինի չաշխատենք։ Ամուսինս էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ամեն ինչ թողել ենք, եկել՝ մեր վրայի շորերով։ Ես ոչ մեկի օգնությանը չեմ սպասում։ Թող օգնեն բազմազավակներին, խնդիրներ ունեցողներին։ Ես կաշխատեմ, կպահեմ երեխաներիս»։

Աշխատանքի ընթացքում։ Էջմիածին, 2023
Աշխատանքի ընթացքում

Խանութի մի անկյունում փայտից պատրաստված Արցախի խորհրդանիշն է՝ «Մենք ենք մեր սարերը», որը փաղաքշորեն անվանում է «Դեդո-բաբո»։ Կողքին Արցախի փոքրիկ դրոշն է։

«Մնացին հիշողությունները, ուր գնամ հետս ման եմ տալիս… Սկզբում՝ դուրս գալիս, միայն մտածում ես կյանքիդ, երեխաներիդ ապահով տեղ հասցնելու մասին։ Շաբաթներ անց ես հասկանում, որ քեզնից մի մաս մնաց ծննդավայրում։ Ցավն աստիճանաբար ուժեղանում է, կարոտը՝ մեծանում։ Փորձում եմ ուժեղ մնալ, բայց դժվար է»,- պատմում է Գայանեն։

Կենսաբանության ուսուցչուհուց` խոհարար

Շողեր Եսայանը, Արցախից մեկնելիս, իր և երեխաների մի քանի շորերի հետ հասցրել է վերցնել նաև հարիչը։ Ասում է, այդ պահին չի էլ մտածել ինչի համար, բայց արի ու տես, որ հիմա հարիչն է դարձել իր աշխատանքային գործիքը։

«Չէի պատկերացնում, որ կարող եմ իմ պատրաստած թխվածքները, կերակուրները վաճառել ու դրա դիմաց գումար աշխատել։ Միշտ սիրով պատրաստել եմ, հյուրասիրել, բայց ոչ երբեք վաճառել։ Հիմա, երբ կյանքը մի տեսակ փոխվեց մեզ համար, այս ամենին պետք է վերաբերվեմ որպես աշխատանքի»,- ժպտալով ասում է երեք երեխաների մայր, 37-ամյա Շողեր Եսայանը:

Նրա ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղը թողեց ու եկավ Հայաստան սեպտեմբերի 26-ին։ Օրեր անց եկել են Դիլիջան, որտեղ նրանց օգնել է հաստատվել Շողերի քույրը։ Նա Դիլիջանում վաղուց է ապրում։

Շողերի մտքերը խառն են, հիշողություններում` Նորշենն է, մտածում է կյանքը զրոյից սկսելու մասին։

«Դիլիջանի անտառները, էս աշնանային տեսարաննեը ինձ ամեն պահ տանում են Նորշեն, նման են իրար։ Կարծում եմ՝ կմնանք Դիլիջանում, սիրել ենք քաղաքը, մարդկանց, նաև զբոսաշրջային մեծ կենտրոն է։ Գուցե կարողանամ իմ խոհանոցային հմտություններով մտնել այստեղի շուկան։ Ամուսինս որպես զինղեկ ընդունվել է դպրոցում աշխատանքի, կենսաբանության մասնագետի կարիք չկար Դիլիջանում, որ ես էլ աշխատանքի անցնեի»,- ասում է Շողերը։

Նա հենց իր վարձակալած բնակարանում է հյուրընկալում զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են համտեսել իր պատրաստած ավանդական հայկական կերակուրները։ Աշխատում է Like local ֆորմատով` բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են տնական, ռեստորաններից տարբերվող ուտելիք։ Ւր բիզնեսը Շողերը ներկայացնում է սոցցանցերով, ֆեյսբուքայն խմբերում։

Շողերի փախլավան։ Դիլիջան, 2023
Շողերի փախլավան

«Մոտ երկու ամիս է՝ սկսել եմ աշխատել։ Ունեցանք զբոսաշրջիկներ Հնդկաստանից, Ռուսասաստանից, որոնք հետաքրքրված էին տնային կերակուրներով։ Եթե պետք է լինում, նաև առաքում ենք պատվիրատուներին։ Պատրաստում եմ հայկական ու հատկապես Արցախին բնորոշ ճաշատեսակներ, քաղցրավենիք։ Շատ են հավանում փախլավան։ Մտածում եմ, որ իմ նոր բիզնեսի անունը դնենք հենց «Փախլավա»։ Հուսամ կհաջողեմ՝ զբոսաշրջիկներին ծանոթացնելով Արցախի համին ու հոտին»,- ասում է Շողերը։

Նոր շուկա՝ խաղի նոր կանոններով

Սրբուհի Վանյանը լրագրող է, աշխատել է Արցախի հանրային ռադիոյում։ Արդեն Երևանում սկսել է աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում։ Տեղափոխման ցավի հետ մեկտեղ, դրանից հետո միայն նրա ընտանիքը վերամիավորվեց։ Ամուսինը գործերով մեկնել էր Արցախից Լաչինի միջանցքի փակվելուց մեկ օր առաջ, ու էլ չէր կարողացել վերադառնալ։

Իսկ Սրբուհին երկու աղջիկների հետ Ստեփանակերտի տնից դուրս է եկել՝ ռազմական գործողությունները սկսելուն պես։

«Թույլ չտվեցին վերադառնալ, տարածքը դիտարկվում էր։ Ամեն ինչ թողեցի, բացի թերմոպրեսի սարքավորումից։ Երբ արդեն դուրս էինք գալիս Արցախից, հորս ու եղբորս հետ գիշերով գաղտնի բարձրացանք տուն, վերցրեցինք թերմոպրեսը։ Այն փոխանցեցի ծանոթներիս, որոնք մեքենայով էին գալիս Երևան։ Ես չէի կարող բերել, ավտոբուսով էինք գալու»,- պատմում է Սրբուհին։

Սրբուհին մասնակցել է Երևանում ամանորյա ցուցահանդես-վաճառքին։ 2023
Սրբուհին մասնակցել է Երևանում ամանորյա ցուցահանդես-վաճառքին

2022 թվականին Ստեփանակերտում հիմնադրել է «Մին թաքուն տեղ» բրենդը։ Արտադրում է սփռոցներ, բարձի երեսներ, բարձեր, պայուսակներ, շապիկներ, հուդիներ` hեղինակային նկարներով, դիզայներական ինքնատիպ լուծումներով՝ համեմված արցախյան կոլորիտով, խոսքով։

«Բրենդը աշխատեց բլոկադայի պայմաններում, Ստեփանակերտում եղած հումքից էի օգտվում, ինչ մնացել էր։ Որտեղ կտորների վրա չէր ստացվում տպագրությոնը, ձեռքով էի նկարում»,- պատմում է նա։

Սրբուհու աշխատանքներից։ Երևան, 2023
Սրբուհու աշխատանքներից

Հայաստանում պատրաստվում է վերսկսել աշխատանքները։ Համոզված է՝ դժվարություններ կլինեն։ Դեռ ուսումնասիրում է դաշտը, որպեսզի հասկանա՝ ինչպես աշխատել․

«Ամեն ինչ նույնը կմնա առայժմ, բացի գործունեությանս հասցեից։ Պարզապես կմեկնարկենք նոր կետից։ Սա նոր շուկա է մեզ համար, որտեղ խաղի կանոներն այլ են։ Արցախում փոքրաթիվ հասարակություն էր, բոլորը ճանաչում էին իրար։ Հաճախ նաև՝ քեզ ճանաչելով, մարդիկ գնում էին արտադրանքը։ Հիմա պետք է կարողանանք հարմարվել ու ինտեգրվել այս շուկայում»։

Սրբուհին պատրաստվում է իր բիզնեսը ոտքի կանգնեցնել։ Պատերազմից օրեր առաջ ՀԲԸՄ-ից երկրորդ դրամաշնորհն է շահել․

«Որոշել էի ասեղնագործության մեքենա գնել ու արտադրությունն աշխուժացնել։ Բայց հիմա մեկ քայլ հետ եմ գնալու՝ անհրաժեշտ սարքավորումներ է պետք գնել։ Փորձելու ենք պահպանել մեր բրենդում արցախյան միջավայրը։ Այնտեղ դա հեշտ էր անելը։ Հիմա դժվարանում է, քանի որ այլևս Արցախում չենք, մեկ այլ, բազմատար միջավայրում ենք։ Պետք է պահպանենք մեր մշակույթը, մեր ինքնությունը, կարողանալով ինքնատիպությունը հասանելի դարձնել սպառողներին»։

«Կաշխատենք, կապրենք»

Հարությունյանների ընտանեկան աշխարհագրությունը Արցախյան մի քանի պատերազմների արդյունքում անընդհատ փոփոխվել է։ Ծնունդով Շուշիից են, ապրել, աշխատել են այստեղ։ 2020 թվականի պատերազմից հետո, տեղափոխվել են Ստեփանակերտ։ Սեպտեմբերին տեղի ունեցած մեկօրյա պատերազմից հետո էլ տեղահանվել Հայաստան, հանգրվան են գտել Դիլիջանում։

«Ամուսինս երեք պատերազմների մասնակից է։ Եկանք հասանք այստեղ, երկու սենյականոց վարձակալած բնակարանում ապրում ենք յոթ հոգով։ Երեխաների հետ գնացել էինք Պարզ լիճ, մեկ էլ թե՝ սոված ենք։ Ամուսինս` Մհերը, ասում է, չբերե՞նք այստեղ մի հատ ժենգյալով հացի տեղ դնենք, լավ կաշխատի։ Երեկոյան այդ գաղափարը արդեն քննարկում էինք տանը։ Առավոտյան Մհերը եկավ, թե բա կենտրոնում տարածք եմ վերցրել, վաղվանից աշխատում ենք»,- պատմում է Գայանե Հարությունյանը։

Գայանեն՝ մոր հետ աշխատելիս։ Դիլիջան, 2023
Գայանեն՝ մոր հետ աշխատելիս

Հստակ հիշում է՝ առաջին օրը աշխատել են 35 000 դրամ, երկրորդ օրը` 47 000, հաջորդ օրերին մինչև 70 000՝ վաճառելով 140 հատ ժենգյալով հաց։

«Դեռ երկու շաբաթ էինք աշխատում, մեծ մասն արդեն գիտեր մեր տեղը։ Կանաչիները գնում ենք, ալյուր, ձեթ, տեղի համար վճարում ենք 80 հազար դրամ, տունը վարձակալել ենք 200 հազար դրամով։ Պետք է աշխատենք, որ կարողանանք ապրել»,- ասում է Գայանեն։

Նա 18 տարի Շուշիի մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել է որպես ուսմասվար, 2020 թվականի պատերազմից հետո դասախոսել Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանում։

Ասում է, որ մայրը` իրեն, քրոջը և եղբայրներին ժենգյալով հաց թխելով է պահել, մեծացրել.

«Հայրս շուտ է մահացել։ Մենք սրանով մեծացանք, չորսիս էլ բարձրագույն կրթության տվեց մայրս։ Դե, հեշտ գործ չի, բայց որ երեխեքը սոված չմնան, կաշխատենք, կապրենք»։

Մայրն օգնում է Գայանեին։ Դիլիջան, 2023
Մայրն օգնում է Գայանեին