Սոցիալական դժվարին պայմաններում գտնվող շուրջ 1000 ընտանիքի պետությունը նոր բնակելի տարածքներ կտրամադրի: Այս ծրագիրը քննարկվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության շենքում հունվարի 8-ին կայացած նախարարների կաբինետի նիստի ընթացքում: Հայտնում է Վրաստանի կառավարությունը։
Կառավարությունում քննարկել են երեք հարց, որոնց թվում է եղել նաև Վրաստանի կառավարության որոշման նախագիծը անօթևան, ծանր պայմաններում գտնվող բազմազավակ ընտանիքների վերաբնակեցման պետական նպատակային ծրագրի հաստատման մասին։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 50 միլիոն լարի։
«Ծրագրի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով, անօթևան բազմազավակ ընտանիքներին և ստեղծել արժանապատիվ կենցաղային պայմաններ։ Ծրագրի շահառու կարող է լինել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքը, որի բոլոր անդամները գրանցված են Սոցիալական ծառայության գործակալության սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում։
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնց անդամները գրանցված չեն ներքին տեղահանվածների, էկոմիգրանտների և կենսամիջոցների ապահովման գործակալության տեղահանված կամ էկոմիգրանտների ընտանիքների միասնական էլեկտրոնային տվյալների բազայում: Նաև, եթե ընտանիքի անօթևան անդամը դեռևս չի ստացել բնակելի տարածք պետությունից կամ համապատասխան դրամական փոխհատուցում բնակելի տարածք ձեռք բերելու համար»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։
Նույն հաղորդագրության համաձայն, այս և այլ չափանիշները գնահատելուց հետո համապատասխան հանձնաժողովը կորոշի ընտանիքների բնակարանաշինության հարցը։ Ծրագիրը կտևի մինչև 2025 թվականի ավարտը։ Ընտանիքների վերաբնակեցումը կիրականացվի Վրաստանի ցանկացած վարչատարածքում: