Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում բազմաթիվ խնդիրներ կան, այդ գյուղերի թվում է նաև Սուլդայում, որի բնակիչները տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր ունեն և հարցը վերջնական լուծում դեռ չի ստացել: Սուլդայի ջրի խնդիրը հուզում է ոչ միայն անմիջապես սուլդացիներին, այլ նաև մարդկանց, ովքեր ուղիղ կապ չունեն այդ խնդրի հետ: Պատանիները իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնում են իրենց նկարահանած ֆիլմերի միջոցով: «GIPA Media Lab»-ի մուլտիմեդիա դասընթացների մասնակիցը պատմում է իր հեղինակած ֆիլմի մասին:

15-ամյա Սերգեյ Կուրղինյանը սովորում է Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի 9-րդ դասարանում։ Նրա խոսքով, իր հասկակիցներից շատերին է հուզում շրջանի խնդիրները, որոնք դեռևս լուծում չեն գտել։ Սերգեյի կարծիքով, տարբեր մարդիկ այդ խնդիրների լուծմանը նպաստելու համար տարբեր ճանապարհներ են ընտրում, ինքն օրինակ որոշել է ֆիլմ նկարել և այդ ամենը լսելի դարձնել այդ իրականությունից հեռու ապրողների համար։ Իր հասակակիցներին խորհուրդ է տալիս միշտ պայքարել և չմտածել, որ իրենց ձայնը լսելի չի լինի, քանի որ դա այդպես չէ:

Սերգեյը որպես խնդրի բարձրացման ճանապարհ ընտրել է ֆիլմը, որը պատրաստել է «GIPA Media Lab» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ երկար տարիներ Ախալքալաքում GIPA-ն ավագ դպրոցի աշակերտներին և ուսանողներին սովորեցնում է լուսատեսանկարահանում և մոնտաժ, ինչի արդյունքում փառատոններ է կազմակերպում, որտեղ ծրագրի մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքները:

«Իմ մեջ ես զգացել եմ այդ սերը ֆոտոներ, տեսանյութեր կամ կարճամետրժ ֆիլմեր նկարելու հանդեպ։ GIPA-ին միացել եմ 2021 թվականից, այն հնարավորություն է տալիս խորացնել և զարգանել այդ ոլորտում ունեցած գիտելիքներդ։ Առաջին տարին, երբ մասնակցում էի, այդքան էլ աշխատանքներս ստացված չէի համարում, բայց հիմա արդեն աշխատեցի թերությունների վրա և կարողացա հասնել սպասված արդյունքի»:

Սեգեյ Կուղինյանի հեղինակած «Գյուղ Սուլդա» կարճամետրաժ ֆիլմը վավերագրություն է գյուղի խնդիրների մասին, որտեղ կա խմելու ջրի, գազի, դպրոցի վերանորոգման, ինչպես նաև արտագաղթի խնդիր։ Գլխավոր հերոսի օրինակով ցույց է տրված, թե ինչպես են ապրում մարդիկ այդ բարդ պայմաններում։

Սերգեյի մայրը Սուլդա գյուղից է, և ահա ամեն անգամ նրանք գյուղ գնալուց իրենց հետ ջուր են տարել։ Մեր հերոսը որոշել է հենց այդ մասին ֆիլմ նկարել, հուսալով, որ այն ինչ-որ չափով կնպաստի խնդրի լուծմանը։

Դժվարությունների մասին խոսելիս նա նշում է, որ տեսանյութի նկարահանման ընթացքում բարդ էր տրանսպորտի հարցը կարգավորել։

«Հաճախ, երբ պետք էր գյուղ գնալ նկարահնման հայրս աշխատանքի էր լինում, ինձ համար բարդ էր գնալուս հարցը կազմակերպել, երբեմն տաքսիով եմ գնացել, երբեմն գյուղից քաղաք եկած մարդկանց հետ, ինչ վերաբերվում է տեղացիների արձագանքին, սկզբնական շրջանում անհրաժեշտություն առաջացավ խոսել և լեզու գտնել նրանց գյուղացիների հետ, որից հետո կարողացա առանց որևէ խոչընդոտի կազմակերպել նկարահանումները»:

Սերգեյը կարծում է, որ ֆիլմի միջոցով կարող է բարձրաձայնել առկա խնդիրների մասին և նպաստել դրանց լուծմանը, նրա ֆիլմը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ որպես պարգևատրում ստացել է համակարգիչ և բացի այդ ստացել է նաև դրամաշնորհ, և ապագայում կարող է ցանկալի ուղղությամբ անվճար սովորել GIPA-ի համալսարանում։ Բայց Սերգեյն իրեն հիմա ավելի շատ պատկերացնում է բժշկության ոլորտում, սակայն նաև մտածում է, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում կօգտագործի ստացած դրամաշնորհը:

Անկախ ամեն ինչից, նա կոչ է անում մարդկանց հնարավրության դեպքում օգտագործել բոլոր հնարավրությունները և իրենց ներդրումն ունենալ շրջանի զարգացման գործում: