Ավտոներկրողները բողոքում են և պահանջում, որ մինչև 2013 թվականը թողարկված մեքենաների ներկրման արգելքը մի քանի ամսով հետաձգվի նրանց համար, ովքեր մինչ որոշման կայացումն արդեն գնել են մեքենաները, սակայն մեքենաները դեռ ճանապարհին են և չեն կարող մատակարարվել երկիր մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

2024 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մինչև 2013 թվականը ներառյալ թողարկված թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան։

Այդ դեպքում ի՞նչ է առաջարկում օրենքը ավտոմեքենա ներկրողներին։ Եթե մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ավտոներմուծողները չհասցնեն երկիր ներկրել հին ավտոմեքենաները, այսինքն՝ մինչև 2013 թվականը ներառյալ արտադրված թեթև մարդատար ավտոմեքենաները, ապա հունվարից կկարողանան դրանք միայն վերաարտահանել։

Հունվարի 1-ից երկիր մուտք գործող հին մեքենաները կունենան տարանցիկ համարանիշներ, և ներմուծողները/սեփականատերերը պետք է վաճառեն դրանք այն երկրում, որը դեռ չի ընդունել Եվրո 5 ստանդարտը:

Այս կանոնները չեն տարածվի այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք արդեն գտնվում են Վրաստանում կամ տարանցման նպատակով երկիր ներկրված մեքենաների վրա։

Վրաստանի կառավարությունը նորամուծությունների մասին հայտարարել էր այս տարվա հունիսին։ Միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը բացատրվել է խոշոր քաղաքներում օդի անբավարար որակով։

Նորամուծություններն առաջին հերթին հարված կհասցնեն ավտոմեքենա ներկրողներին: Այժմ նրանք կկարողանան Վրաստան ներկրել մինչև 2013 թվականը արտադրված մեքենաները միայն վերաարտահանման նպատակով։

Վրաստանում գրանցված է ավելի քան 1,5 մլն ավտոմեքենա, որոնցից գրեթե 88%-ը 10 տարեկանից բարձր է։

Այս մասին հայտնում է BM.ge գործակալությունը՝ հենվելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ»-ի տվյալների վրա։

Վրաստանում գրանցված 1,375 մլն ավտոմեքենա 10 տարեկանից բարձր է:

  • 193,717 հազար մեքենա՝ 5-ից 10 տարեկան
  • 42226 ավտոմեքենա՝ 2-ից 5 տարեկան
  • 28435 մեքենա՝ մինչև 2 տարեկան

Վրաստանում գրանցված 7271 տրանսպորտային միջոցների տարիքը հայտնի չէ։