Այս տարի Ախալքալաքում գյուղացիները դժգոհ են իրենց բերքի արժեքից, ինչպես կարտոֆիլի, այնպես էլ հացահատիկի։ Կարտոֆիլի արժեքը տատանվում է 60 թեթրիից մինչև 80 թեթրի սահմաններում, իսկ հացահատիկինը՝ 50 թեթրի։ Դրան զուգահեռ նաև չկան գնորդներ։

Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենաշատը կարտոֆիլ են մշակում Չամդուրա գյուղում։ Այս գյուղում նշում են՝ կարտոֆիլ մշակելն անեկամտաբեր է դարձել։

«Ամենալավ կարտոֆիլը 75 թեթրիով ենք վաճառում։ Անցած տարվա համեմատ կրկնակի էժանացել է, բայց գյուղացու համար այսօր խնդիր է ոչ միայն ցածր գինը, այլև իրացումը։ Մենք անցած տարի օրական 50 տոննա կարտոֆիլ էինք վաճառում, հիմա՝ 4-5 տոննա, գնորդներ չկան», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանում Չամդուրա գյուղի ներկայացուցիչ Վլադիմիր Ժամկոչյանը։

Վերջինս նշում է՝ գյուղացին նվազագույնը 80-ից 90 թեթրիով պետք է վաճառի, որ գոնե շահույթ ստանա։

Վաչիան գյուղի ներկայացուցիչ Ֆիոդր Թորոսյանին մտահոգում է ոչ միայն ցածր գինը, այլ այն, որ գնորդներ չկան։

«Գյուղացիները վախենում են, որ չվաճառվի կարտոֆիլը, քանի որ գնորդներ չկան։ Գինն էլ շատ ցածր է, նույնիսկ ինքնարժեքը չի փակում», – ասում է Թորոսյանը։

Ի տարբերություն վերոնշյալ գյուղերի, Դիլիսկայում իրավիճակը համեմատաբար հուսալի է։ Այստեղ գնորդների պակաս չի զգացվում։

«Գնորդներ կան, օրինակ՝ երեկ երկու մեծ բեռնատար ենք բարձել, ուղղակի գինը չի գոհացնում, 60 թեթրի մեր վրա է նստել, վաճառում ենք 80 թեթրիով», – ասում է Դիլիսկա գյուղի ներկայացուցիչ Հովհաննես Գաբրիելյանը։

Շրջանի հեռավոր, սահմանամերձ գյուղերից Խավեթում ընդհանրապես գնորդներ չկան։ Գյուղացիները տեղում չեն կարողանում իրացնել իրենց մշակած բերքը։

«Մեր գյուղում բոլորը բողոքում են, որ կարտոֆիլը չի վաճառվում, գնորդներ չկան։ Բարեկամս տարել էր Թբիլիսի վաճառելու, 5 օր մնաց, որ վաճառեր տարածը, դժգոհ հետ եկավ», – պատմում է Խավեթ գյուղի ներկայացուցիչ Խաչատուր Մովսիսյանը։

Խանդոն նույնպես այն գյուղերից է, որտեղ կարտոֆիլ շատ են ցանում, սակայն այստեղ ևս բերքը չեն կարողանում իրենց ուզած գնով իրացնել։

«Մեր գյուղում վաճառվում է, ճիշտ է շատ գնորդներ չկան, բայց ամեն դեպքում արժեքը ձեռնտու չէ գյուղացու համար։ Գնորդներն ամենաշատը 75 թեթրի են տալիս։ Անցյալ տարվա համեմատ կրկնակի էժան է», – ասում է Խանդո գյուղի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը։

Գյուղերի ներկայացուցիչները նշում են՝ իրավիճակը նույն է նաև հացահատիկի դեպքում։

1 կգ գարին այս տարի վաճառվում է 50 թեթրիով,  իսկ անցած տարի 1 լարիով։ Իսկ 1 կգ ցորենը վաճառվում է 40 թեթրիով։

Businessinsider.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարի Վրաստանն ամենաշատ կարտոֆիլ է ներկրում Ռուսաստանից՝  8․273.26 տոննա, Բելառուսից՝ 1․297.08 տոննա, Եգիպտոսից՝  1․606.50 տոննա, Ուկրաինայից՝ 1․342.70 տոննա, և Գերմանիայից՝ 1․180.00 տոննա։

Վրաստանում կարտոֆիլի ներմուծումն աճել է 577%-ով: 2023 թվականի 9-րդ ամսում երկիրը գնել է 22 249,34 տոննա կարտոֆիլ, որի համար վճարել է 7 489,21 հազար դոլլար։ 2022 թվականի 9 ամիսների տվյալներով երկիր է ներկրվել 3 288,64 տոննա կարտոֆիլ։ Կարտոֆիլի ներմուծման 37%-ը կատարվում է Ռուսաստանից, իսկ 33%-ը՝ Բելառուսից։