2024 թվականից ուժային կառույցների նախկին աշխատակիցների կենսաթոշակը կբարձրանա մինչև 1000 լարի,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Կարևոր նորություն, որը, կարծում եմ, կարևոր է մեր հարգարժան ուժային մարմինների ներկայացուցիչների համար։ Մենք որոշում ենք կայացրել, և նախկին ոստիկանները, զինվորները, հատուկ ծառայությունները բարձրացված թոշակ են ստանալու: Գիտեք, որ կենսաթոշակի առավելագույն շեմը 560 լարի էր և կհասցվի 1000 լարիի։ Նաև միջին հաշվով 20 տոկոսով կավելանա ծառայության յուրաքանչյուր տարվա համար հաշվարկված գումարը։ Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր իրավապահ մարմիններին, և սա կլինի արժանապատիվ կենսաթոշակ, որը ցանկանում ենք աստիճանաբար ավելացնել՝ ըստ եկամուտների։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների և վնասվածքների հետևանքով մահացածների ընտանիքների անդամներին։ Նրանց փոխհատուցումը 1000 լարիից կդառնա 1200 լարի։ 2012 թվականին զրո լարի է եղել, այս մարդկանց ուշադրություն չի դարձվել։ Ամսական փոխհատուցմանը կհատկացնենք 1200 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։