Ախալքալաքի մունիցիպալիտետը քաղաքացիական բյուջետավորման ընթացքի մեջ է։

Ախալքալաքի բնակիչները քաղաքացու քվեարկության փուլին հասած երկու նախագծերից պետք է ընտրեն մեկ նախագիծ։ Ընտրված նախագիծը ֆինանսավորվելու է տեղական բյուջեից։ Jnews-ը նախնական հարցում է անցկացրել Ախալքալաքում՝ պարզելու, թե արդյոք քաղաքը գիտի քաղաքացիական բյուջետավորման մասին, և ո՞ր նախագիծն են բնակիչները նախընտրում։

HEKS-EPER և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոն(SCCSF) կազմակերպությունների օգնությամբ մունիցիպալիտետում առաջին անգամ քաղաքացիները կարողացան մասնակցել գալիք տարվա բյուջեի պլանավորմանը։ Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի բնակիչները կարող էին քաղաքապետարանին առաջարկել գաղափար, որի իրականացումը մունիցիպալիտետին կարժենա մինչև 30 հազար լարի։ Քաղաքապետարանը ստացել է 4 գաղափար՝ դիտահարթակ Ախալքալաքի մուտքի մոտ, լողափ Փարվանա գետի մոտ, ժամացույց և ինտերակտիվ գովազդային վահանակ։ Հատուկ հանձնաժողովի նախնական ընտրության արդյունքում բացառվել էր երկու նախագիծ՝ թողնելով ժամացույցի և գովազդային վահանակների նախագծերը։

Ըստ կանոնակարգի՝ հոկտեմբերի վերջին պետք է տեղի ունենա քվեարկություն, որի ժամանակ ախալքալաքցիները կընտրեն այն նախագիծը, որը ցանկանում են կյանքի կոչել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ախալքալաքի քաղաքապետարանից, քվեարկությունը նախատեսվում է անցկացնել առցանց՝ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Այնուամենայնիվ, մինչ այժմ քաղաքապետարանի կողմից ծրագրին տեղեկատվական աջակցություն չի ցուցաբերվել (նրա պորտալներից որևէ մեկում դեռևս տեղեկություններ չկան ծրագրի մեկնարկի, ընթացքի և նախնական արդյունքների մասին):

Jnews-ը որոշեց ախալքալաքցիներից պարզել, թե որը կընտրեին՝ ժամացույցը, թե՞ գովազդային վահանակը։

Մենք հարցումն անցկացրել ենք Խաս Բախչա զբոսայգում՝ պատահական անցորդների շրջանում։ Հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 30 մարդ։

Նշենք, որ բոլոր 30 հարցվածները չգիտեին այս ծրագրի մասին և առաջին անգամ էին լսում Ախալքալաքում բյուջետավորմանը քաղաքացիների մասնակցության հնարավորության մասին։ Հարցվածների մեծ մասն ընտրել է ինտերակտիվ գովազդային վահանակը (17), մնացածը (13)՝ ժամացույցը։ Հարցվածների կողմից հնչած հիմնական հարցը հետևյալն էր. «Ի՞նչ է ցուցադրվելու էկրանին»: Սա ընտրության որոշիչ գործոնն էր.

Ահա հարցվածների պատասխաններից մի քանիսը.

«Ես չգիտեմ, թե ինչ են ցուցադրելու էկրանին, ուստի ժամացույցը»

«Մենք ցույց տալու բան չունենք»:

«Եթե գովազդային վահանակի վրա գովազդ չի լինի, ապա ես ընտրում եմ այն»,- այսպես էին պատասխանում որոշ հարցվողներ։

Էկրանին «կողմ» լինելու փաստարկն այն էր, որ այն ավելի ժամանակակից է և անսովոր:

«Բոլորն ունեն ձեռքի ժամացույց, այնպես որ թող էկրանը լինի»

Պատասխանների մեջ հնչեցին նաև առաջարկներ.

«Կարող են ցույց տալ սպորտային միջոցառումներ, ֆուտբոլ, դա հետաքրքիր կլինի»,- ասացին բնակիչները

Ծրագիրն իրականացվում է «HEKS-EPER Georgia» կազմակերպության կողմից՝ Սամցխե-Ջավախքում գտնվող իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոն կազմակերպության (SCCSF) աջակցությամբ:

Սամցխե-Ջավախքում ծրագիրն իրականացվում է երեք մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում:

Քաղաքացիական բյուջեի իրականացման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքային կամ շրջանային կառավարման գործընթացներում։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարները:

Ախալքալաքում քննարկեցին քաղաքացիական բյուջետավորումը

Ի՞նչին ուշադրություն դարձնել քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքապետարան ներկայացնելիս