Ասպինձայի մունիցիպալիտետում 100 տարին անց մարդ երեք մարդ է ապրում, նրանցից մեկը շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղից է՝ 103 տարեկան Սաթենիկ Աստատուրյանը։ Վերջինս արդեն մի տարի է անկողնային է, լավ չի լսում, մեր հարցերին չկարողացավ պատասխանել։

Սաթենիկ տատը ծնվել է 1921 թ․ հունվարի 7-ին, Դամալայում։ Գյուղի ամենատարեց բնակիչը հայտնի է նաև իր մեծ գերդաստանով։ Իր և ամւոսնու երեխաներին այնպես է խնամել ու մեծացրել, որ նույնիսկ երեխաներն ու նրանց սերունդները չեն տարանջատում, որ Սաթենիկ տատն իրենց իսկական մայր ու տատը չէ։ Ընդհանուր 103 տարեկան Սաթենիկ տատն ունի․ 173՝ երեխա, թոռ, ծոռ ու կոռ։  Հիմա տատիկի մեծ դուստրը 86 տարեկան է։ Որդին ու հարսը ծիծաղում են, ասում են՝ արդեն այնքան շատ են, որ հաշիվը կորցնում ենք։ Սաթենիկ տատն այսօր ապրում է որդու՝ Սարիբեկի և հարսի՝ Նարինեի հետ։

Գրեթե ամեն տարի Սաթենիկ տատի երեխաները, թոռներն ու ծոռները հավաքվում են նրա ծնունդը նշելու։

 

Մեր հերոսուհին անկողնային է, բայց գիտակցությունը տեղն է, լավ չի լսում, սակայն նկարվել շատ է սիրում։ Տեսնելով մեզ անմիջապես ժպիտը դեմքին դիմեց հարսին, որ վերջինս գլխաշորը գեղեցիկ կապի, որպեսզի լուսանկարում ինքը գեղեցիկ լինի։

2

Այգում նստած խոսում էինք Սաթենիկ տատի, նրա ապրած կյանքի դժվարությունների մասին, այդ ընթացքում նա մի քանի անգամ  հարսին իր մոտ կանչեց, որպեսզի իմանար ինչ ենք գրելու իր մասին։

5

«Նարինե լավս են գրելու, թե՞ վատս»։

Նարինեն իր հեռախոսի մեջ ավելի շատ տատիկից նկարներ ունի, քան իրենից։ Ամեն պահ նկարում է։

«Նախ որ ինքը է շատ սիրում նկարվել, համ էլ ուզում եմ շատ նկարներ ունենալ իրենցի»։

Սաթեն տատը Դամալայում հայտնի է ոչ միայն իր տարիքով ու մեծ գերդաստանով, այլև մաքրասիրությամբ։

Հարսը նշում է՝ շատ խնամքով է վերաբերվել ունեցածին, ամեն անգամ առանձնակի ոգևորությամբ ու սիրով է մաքրել, դասավորել իր պղնձյա ամանեղենը։

3

«Մենք միշտ իրեն ասում էինք, որ մաքուր է, մի լվա, քանի որ այդ տարիքին տանջվում էր, հենց տնից դուրս էինք գալիս, սկսում էր հանել պղնձյա ամաններն ու լվանում էր», – պատմում է հարսը՝ Նարինեն։

Հիմա արդեն, երբ ինքը չի կարող լավանալ, մաքրել, հարսին է ասում, որ լավ պահի իր պղնձյա ամաննրեն  ու կավե կարասները։

4

Սաթենիկ տատի ընտանիքի անդամներն ասում են, որ տեղական ինքնակառավարման մարմինները միշտ ուշադիր են, ամեն առիթի այցելում են գյուղի ամենատարեց բնակչին՝ մարտի 8-ին, Ամանորին, մայրերի տոնին։ 103 տարեկան կինն այս տարիքում ուշադրության պակաս չի զգում։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Դամալա գյուղից Սաթենիկ տատը տոնել է 100-ամյակը

Կարևորը չի մոռացվում

Նյութը հրապարակված է եղել Jnews-ի կայքին 2023 թ.-ի հոկտեմբերին, այն թարմացվում է Սաթենիկ տատիկի ծննդյան օրվա կապակցությամբ