3 տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։

Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտերը սկսվել էին սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ին։ Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն։

Պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։

Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան։

Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով 90,000-ից ավելի արցախահայ ստիպված էր լքել իր մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40,000 մարդ զրկվեց տնից և ունեցվածքից, ավերվեցին կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։

Հայկական կողմը պատերազմում 3812 զոհ տվեց, որից 3736-ը՝ զինծառայող, 76-ը՝ քաղաքացիական անձ։ Մինչ օրս անհետ կորած է 217 մարդ, նրանցից 196-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական։ Ադրբեջանում այսօր էլ կան բազմաթիվ հայ գերիներ, որոնցից Բաքուն ճանաչել է միայն 36–ի առկայությունը, սակայն տարբեր տվյալներով նրանց թիվը 70–ից ավելի է։

Արտատպված է՝ PanArmenian.net-ից