Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը և «Ջավախք հիմնադրամ»-ը հայտարարություն են տարածել, որ սեպտեմբերի 27-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան կարգ։

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ հավատացյալներ,

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ վասն Արցախյան պատերազմում նահատակված հայորդյաց»։

Իսկ «Ջավախք հիմնադրամ»-ի տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Սեպտեմբերի 27-ին, ժամը 12․00-ին բոլորիդ հրավիրում ենք Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակում 44-օրյա պատերազմում մեր անմահացած հերոսների հիշատակին բարձրացված խաչքարի մոտ կայանալիք հոգեհանգստյան կարգին՝ ի ոգեկոչումն մեր անմահացած հերոսների հիշատակին»։