Ախալքալաքի Նալբանդյան-Ծերեթելի փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Մյասնիկյան փողոցում արդեն մի քանի օր է, ինչ ասֆալտի տակից ջուր է հոսում։ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից խոստացել են վաղը վերացնել խաչմերուկում առկա վթարը, իսկ Մյասնիկյանի ճեղքվածքի մասին կենտրոնում տեղյակ չէին։
Նալբանդյան-Ծերեթելի փողոցների խաչմերուկում ասֆալտի տակից ջուրը դուրս է գալիս ու հոսում միանգամից երկու ուղղությամբ՝ երկու փողոցներով։ Նալբանդյան փողոցի բնակիչների խոսքով, մի ամբողջ շաբաթ է, ինչ ջուրը հոսում է, իսկ Մյասնիկյանի բնակիչներն ասում են, որ չեն հիշում, որ այս տարի իրենց փողոցը չոր լիներ՝ առանց այս արտահոսքի։
Jnews-ն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, որոշեց զանգահարել Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն և պարզել, թե երբ վերջնականապես կվերացվի վթարը։ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին ասաց, որ իրենք տեղյակ են այդ մասին և, ամենայն հավանականությամբ, վաղը վթարը կվերացնեն։
«Մոտ երեք օր առաջ մենք անջատել էինք ջուրը, մեկ այլ վայրում վթար էր: Երբ անջատումից հետո ջուրը միացնում ենք, ջրագծում օդ է լինում, և խողովակները թույլ տեղերում պայթում են։ Մենք տեղյակ էինք խաչմերուկի այս դեպքի մասին, և երևի այսօր չի ստացվի, բայց վաղը մենք, ամենայն հավանականությամբ, կվերացնենք վթարը»,- ասաց Գիորգի Վախթանգիշվիլին:
Իսկ Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենք տեղեկություն չունեն Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած վթարի մասին եւ խոստացավ վաղը գնալ և տեսնել այն։