Սեպտեմբերի 1-ին Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում բացված մսուր խումբն ընդունում է իր առաջին սաներին։ Առայժմ ընդունվում են բոլոր երեխաները, սակայն որոշակի թվաքանակից հետո կընդունեն միայն աշխատող մայրերի երեխաներին։ Ընդունելությունը դեռևս շարունակվում է։
2-ից 3 տարեկան երեխաներ ունեցող մայրերը հնարավորություն ունեն իրենց երեխաներին ուղարկել մանկապարտեզ, իսկ իրենք աշխատել։ Ախալքալաքի մունիցիպալիտետի առաջին մսուրը, որը բացվել է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում, արդեն գործում է։ Այսօրվա դրությամբ հատուկ խումբ է հաճախում 14 երեխա։ Ընդունելությունը շարունակվում է, քանի որ խումբը կարող է ընդունել մինչև 30 երեխա։
«Ամեն ինչ լավ է ընթանում, դիմումների ընդունումը շարունակվում է, գրեթե ամեն օր դիմումներ ենք ստանում»,- ասաց թիվ 3 մանկապարտեզի մենեջեր Կարինե Սահարյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, քանի դեռ տեղեր կան, բոլորին ընդունում են:
«Եթե դիմողների թիվը գերազանցի 30-ը, ապա, իհարկե, մենք առաջին հերթին կընդունենք աշխատող մայրերի երեխաներին։ Ընդհանուր առմամբ, դեռ չեմ կարող ասել, թե քանի երեխա կա մունիցիպալիտետների մանկապարտեզներում, քանի որ կան երեխաներ, որոնք չեն մնում, և մենք ստիպված ենք նրանց հեռացնել մանկապարտեզից, ինչպես նաև ընդունելության գործընթացը շարունակվում է։ Վերջնական թիվը պարզ կդառնա ամսի 15-ից հետո»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Երեխայի մանկապարտեզ ընդունման դիմումներն ընդունվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումում՝ քաղաքապետարանի շենքի առաջին հարկում։
Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հայտադիմումի հետ միասին, կարդացե՛ք այս հղումով:
Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում բացվել է մսուր