Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված Վրաստանի բնակիչները կկարողանան իրենք իրենց կենսաթոշակային խնայողությունները ներդնել մինչև սեպտեմբերի 6-ը։
Օգոստոսի 6-ից ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխությունները, և այժմ՝ մինչև սեպտեմբերի 6-ը, համակարգի մասնակիցները պետք է ընտրեն, թե որտեղ ներդնեն իրենց խնայողությունները։
Նրանց առաջարկվում են ցածր, միջին և բարձր ռիսկայնությամբ պորտֆելներ։
Նրանք, ովքեր իրենք չեն ընտրի ցանկալի պորտֆելը, ավտոմատ կերպով կբաշխվեն տարբեր պորտֆելների՝ ըստ իրենց տարիքի:
Այս պորտֆելների հիմնական տարբերությունը կայանում է ակտիվների բաշխման մեջ, որն իր հերթին կապված է երկարաժամկետ հեռանկարում տարբեր եկամտաբերության հետ:
Ընդ որում, պորտֆելներից ոչ մեկը չի ենթադրում խնայողությունների կորուստ, և կտարբերվի միայն կենսաթոշակային ակտիվների աճի տեմպերով։ Միևնույն ժամանակ կենսաթոշակային սխեմային մասնակցողներին թույլատրվում է տարին մեկ անգամ փոխել ներդրումային կատեգորիաները։
Մինչ այժմ կենսաթոշակային խնայողությունները տեղաբաշխվում էին բանկային ավանդներում և պետական արժեթղթերում։
Կենսաթոշակային գործակալության տվյալներով՝ Վրաստանում կենսաթոշակային ակտիվների արժեքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 3,63 միլիարդ (1,4 միլիոն ԱՄՆ դոլար):
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, վերջին տվյալներով, հանդիսանում է ավելի քան 1,4 մլն մարդ։ Դրանցից վճարումներ են ստացել մոտ 4,1 հազար մարդ՝ գրեթե 11,7 մլն լարի (4,5 մլն դոլար)։
Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում գործարկվել է 2019 թվականի հունվարի 1-ից և այն պարտադիր բնույթ է կրում։
Մշակված սխեմայի համաձայն՝ 24 հազար լարիից (9,3 հազար դոլար) պակաս անվանական տարեկան եկամուտով քաղաքացու կենսաթոշակային հաշվին է փոխանցվում նրա աշխատավարձի 6%-ը՝ 2%-ը վճարում է ինքը քաղաքացին, 2%-ը՝ նրա գործատուն, ևս 2%-ը՝ պետությունը։ Տարեկան 24-ից 60 հազար լարի (23,3 հազար դոլար) աշխատավարձի դեպքում պետությունը փոխանցում է ընդամենը 1 տոկոս։
Գործակալությունը կենսաթոշակային խնայողությունների իր առաջին ներդրումը կատարել է 2020 թվականի մարտին՝ 560 մլն լարիի (217,1 մլն դոլար) չափով՝ ներդնելով բարձր վարկանիշ ունեցող վրացական առևտրային բանկերի ավանդի վկայագրերում։