Շաբաթ օրը Գյումրու «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողությունը։ Խաղերին մասնակցում են նաեւ Ջավախքի մարզիկները։
Խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկներ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից։ Ախալքալաքի մունիցիպալիտետից մասնակցում է 57 մարզիկ, ովքեր հանդես են գալու 8 մարզաձևում։
Խաղերի կրակը հանդիսավորությամբ վառել է օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը։
Խաղերի մասնակիցներին դիմեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա տոնը նախ և առաջ մեր բոլոր ննջեցյալների հիշատակն է, քանի որ այն ցույց է տալիս մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության՝ հաղթելու և ապրելու, զարգանալու և առաջ գնալու կամքը, չնայած բոլոր դժվարություններին, բոլոր բարդություններին։ Եվ այս օրը նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջան, երբ մեր պետականություն ունենալու կամքը պետք է անսասան մնա, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը որպես հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պետք է հաստատվի»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։
Ինչպես կներկայանա Ախալքալաքը Համահայկական խաղեր 2023-ին