Նինոծմինդայի մունիցիպալիտետում ոչխարների մոտ իրականացվում է ծաղիկի դեմ կանխարգելիչ պատվաստում։ Մեկ ամիս առաջ, Փոքր Խանչալի գյուղից, ոչխարների ծաղիկով հնարավոր վարակման մասին, Սննդի գործակալություն ահազանգ էր ստացվել։ Ճիշտ է, հիվանդությունը չի հաստատվել, բայց պատվաստում արվել է։ Ծաղիկի դեմ պատվաստվել է 2200 ոչխար: Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչխարների ծաղիկով հնարավոր հիվանդության մասին տեղեկություն չեն ստացել։
Ծաղիկի դեմ պատվաստումը ներառված է պետական ծրագրում: Երեկ՝ օգոստոսի 2-ին, Փոքր Խանչալի գյուղի արոտավայրերում, ոչխարներին պատվաստել են։
Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչության ավագ տեսուչ Մխիթար Պարոնյանի խոսքով, երեկ նրանք եղել են Փոքր Խանչալիի արոտավայրերում։
«Երբ տեղեկություն ենք ստանում, ես ինքս եմ գնում ստուգում, թե որն է խնդիրը, համոզվում եմ և սկսում ենք պատվաստումը»,- JNEWS-ի հետ զրույցում ասաց Մխիթար Պարոնյանը։
Երեկ ոչխարներին երկրորդ անգամ են պատվաստել, առաջին անգամ պատվաստել էին 21 օր առաջ։
Տեղեկություններ Վիքիպեդիայից
Ոչխարների և այծերի ծաղիկը (լատ՝ Variolaovina; անգլ․՝ Sheeppox) սուր վարակիչ, վտանգավոր հիվանդություն է, որը բնորոշվում է բարձր ջերմությամբ և մաշկի ու լորձաթաղանթների էպիթելիումում պապուլյար-պզուկային վնասվածքների ձևավորմամբ:
Հիվանդությունը բնութագրվում է տարածման լայն աշխարհագրությամբ և վարակված անասունների բարձր մահացությամբ։
Ինչպես է փոխանցվում վարակը
Անկախ ցեղից և տարիքից, ծաղիկը, բոլոր մանր եղջերավորների համար, մեծ վտանգ է ներկայացնում։ Առավել խոցելի են նրբաբուրդ կենդանիները։ Իր բնական միջավայրում վիրուսը տարածվում է հիվանդ ոչխարներից առողջ ոչխարներին օդակաթիլային ճանապարհով կամ թեփուկներով: Վարակի օրգանիզմ ներթափանցելու ճանապարհներից առանձնանում են կերը, գոմաղբը, կենցաղային գույքը, որը շփվել է հիվանդ կենդանիների արտազատության հետ։
Կենդանական աշխարհի այլ տեսակների ներկայացուցիչները, ինչպես նաև մարդիկ, հաճախ դառնում են հարուցիչի կրողներ։ Ամենից հաճախ այծերի և ոչխարների ծաղիկը հանդիպում է աշուն-ձմեռ ժամանակահատվածում, երբ թուլանում է կենդանու դիմադրողականությունը։ Վիրուսն արագ է տարածվում է, երկուսից չորս շաբաթը բավական է անասունների մեծամասնությանը վարակելու համար:
Հիվանդության ընթացքը
Գաղտնի (ինկուբացիոն) շրջանը տեւում է մինչեւ երկու շաբաթ, սակայն հիվանդության առաջին նշանները կարող են ավելի վաղ ի հայտ գալ։ Սկզբնական փուլերում կենդանու կոպերն ուռչում են, աչքերից ու քթից թարախային արտահոսք է նկատվում, նկատվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Ծաղիկի ցաները (ծաղկաբշտերը) հայտնվում են գլխի, աչքերի շուրջ, վերջույթների վրա հայտնվում են բազմաթիվ պապուլներ և վեզիկուլներ։ Հիվանդության զարգացմամբ դրանց մեջ առաջանում է թարախ, ապա թարախակույտերը աստիճանաբար չորանում են, նրանց տեղում ձևավորվում են դարչնագույն կեղևներ։ Հետագայում մաշկի ախտահարված հատվածներում՝ թեփերի տեղում, սպիներ են առաջանում։
Բուժում և իմունացում
Կենդանու մեջ ծաղիկի առկայությունը հաստատելու համար պահանջվում են մի շարք հետազոտություններ, որոնցից հիմնականը պապուլների պարունակության հիստոլոգիական անալիզն է։ Ախտորոշումից հետո իրականացվում է բուժում, որը մեծ մասամբ բաղկացած է հիվանդության ախտանիշների վերացումից և իմունային համակարգի ամրապնդումից։ Վիրուսով ախտահարված անասունը առանձնացվում է առողջ ցեղակիցներից։