Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի դեպարտամենտի Ախալքալաքի մասնաճյուղի տվյալներով, այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետում անասունների մոտ էմֆիգեմատոզ կարբունկուլով վարակվելու դեպք չի գրանցվել։
Վերջերս հարևան Նինոծմինդայի մունիցիպալիտետում կովերի մոտ գրանցվել է խշխշան պալարի դեպք, տեղական «Radio NOR»-ի փոխանցմամբ։ Այս հիվանդությամբ վարակվելու պատճառով սատկել է 3 կով։ Jnews-ը որոշեց պարզել, թե ինչ իրավիճակ է Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Այստեղ այս հիվանդությունը կոչվում է «խշխշուկ»:
Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության ավագ տեսուչ Մխիթար Պարոնյանի խոսքով, Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահին վարակ չկա։
էմֆիգեմատոզ կարբունկուլի դեմ պատվաստումը պլանային միջոցառում չէ: Մարդը, ցանկության դեպքում, կարող է իր հաշվին պատվաստել կենդանուն։ էմֆիգեմատոզ կարբունկուլը վիրուսային հիվանդություն չէ, այն չի փոխանցվում մեկից մյուսին։ Հիվանդանում են հիմնականում մինչև չորս տարեկան խոշոր եղջերավոր անասունները:
«Սա հողային վարակ է, երբ խոտը քչանում է, և անասունն արածում է, նա դիպչում է գետնին, և եթե ժամանակին այնտեղ թաղված է եղել հիվանդ անասուն, ապա միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել այդ կենդանու օրգանիզմ: Եթե անասունը անկել է, ապա մենք նմուշառում ենք պաթոլոգիական նյութը և ուղարկում ենք լաբորատորիա անալիզի, որպեսզի համոզվենք, որ սիբիրախտ չէ, քանի որ դրանք շատ նման են»,- ասում է Մխիթար Պարոնյանը։
Եթե 3 օրվա ընթացքում խոշոր եղջերավոր անասունը չբուժվի, ապա ամենայն հավանականությամբ այն կարող է սատկել։
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻՑ
Խշխշան պալար (Gangraena emphysematosa), էմֆիգեմատոզ կարբունկուլ, էմկար, տավարի սուր վարակիչ հիվանդության։ Բնորոշվում է մկաններում արագ մեծացող, խշխշացող այտուցների առկայությամբ, տենդով ու անկման բարձր տոկոսով։ Հարուցիչը B. chauvoei-ն է (Շովոյի ցուպիկը)։ Առավել զգայուն են 3 ամսականից մինչև 4 տարեկան խոշոր եղջերավորները, հազվադեպ՝ ոչխարները և այծերը։ Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանին է։ Վարակվում են հիմնականում սննդի (ալիմենտար) ճանապարհով։ Գաղտնի շրջանը 1 – 5 օր է։
Կլինիկական նշանները
Նկատվում է ջերմության բարձրացում, ախորժակի անկում, սրտի գործունեության թուլացում։ Կենդանին կաղում է, ազդրի, գավակի և թիակի մկաններում առաջանում են սահմանագծված տաք և ցավոտ այտուցներ (պալարներ)։ Հիվանդ կենդանիները սատկում են 1 – 2 օրվա ընթացքում։ Ախտորոշում են կլինիկական, էպիզոոտոլոգիական, ախտանատոմիական և բակտերիալոգիական հետազոտության տվյալների հիման վրա։
Բուժումը
հիվանդության սկզբում կարելի է օգտագործել գերիմուն շիճուկ, սրտային դեղամիջոցներ, անտիբիոտիկներ։ Անապահով տնտեսությունը կարանտինի տակ է վերցվում։ Հիվանդներին մեկուսացնում են և բուժում, իսկ մնացածներին՝ իմունացնում։ Հիվանդների սպանդն արգելվում է։ Սահմանափակումները վերացվում են խշխշան պալարի վերջին դեպքից 14 օր հետո։
Իմունիտետ
Ոչխարները էմֆիզեմատոզ կարբունկուլի նկատմամբ բնական իմունիտետ չունեն, սակայն տարիքի հետ նվազում է նրանց զգայունությունը այս հիվանդության հարուցիչի նկատմամբ։
Կենդանիները, որոնք հիվանդ են եղել, ձեռք են բերում երկարատև հակատոքսիկ և հակամանրէային ակտիվ իմունիտետ:
Պատվաստումն օգտագործվում է էմֆիզեմատոզ կարբունկուլը կանխելու համար: