Կարմիր խաչի միջազգային կողմիտեի միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից մեկն Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել և տեղափոխվել այլ վայր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Գրում է azatutyun.am-ը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջարդվել, թե իբր 1991-ի դեկտեմբերին Խոջալուի Մեշալի գյուղում նա «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Արցախի քաղաքացին ձերբակալվել է։
Դեպքի առթիվ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
Ըստ Արցախի դատախազության՝ Ադրբեջանը քաղաքացուն ձերբակալել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում։ Ձերբակալվածը Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանն է։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի մոտ հավաքվել են քաղաքացու հարազատները, պաշտոնյաներ ու հարյուրավոր քաղաքացիներ, որոնք Կարմիր խաչից պահանջում են քայլեր ձեռնարկել` նրան վերադարձնելու համար: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրասենյակի տնօրենին հորդորեց հայտարարել, որ «Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ Կարմիր խաչը, ի վիճակի չէ երաշխավորել»: