Այսօր՝ հուլիսի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում հանդիսավորությամբ նշվեց «Թումաս»-ի կամրջի 10-ամյակը:

Կամուրջը կառուցվել է 10 տարի առաջ գյուղի բարերար՝ Թումաս Չիվչյանի կողմից:

Կամրջի շինարարական աշխատանքներն սկսվել են 2012 թվականի մարտ ամսին և ավարտվել 2013 թվականի դեկտեմբերին: Կամրջի բարձրությունը 41 մ է, երկարությունը 182 մ, իսկ լանությունը 2 մ: 10 տարի է կամուրջը Խուլգումոն և հարակից գյուղերը կապում է քաղաքին:

Tumas_7

Tumas_6

Խուլգումոն այսօր մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել էին «Թումաս»-ի կամրջի մոտ։ Միջոցառմանը ներկա էին Չիվչյանների գերդաստանը, գյուղի բնակիչները, Ախալքալաքի մունիցիպալիտետի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և հյուրեր տարբեր երկրներից:

Tumas_5

Բարերարն իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին, իսկ ներկաները՝ Թումաս Չիվչյանին, այսպիսի կառույց մունիցիպլաիտետին նվիրելու համար: Չիվչյանները քայլեցին կամրջով, և սիմվոլիկ սպիտակ ու կարմիր փուչիկներ բաց թողեցին երկինք:

Այնուհետև միջոցառումը շարունակվեց գյուղի մշակույթի տանը (Այն նույնպես վերականգնվել է Թումաս Չիվչյանի բարերարությամբ):

Tumas_4

Միջոցառմանն իրենց սրտի խոսքերով հանդես եկան Թումաս և Ռաֆիկ Չիվչյան եղբայներն ու նրանց որդիները, կամրջի շինարարության աշխատանքներն իրականացրած Ավթանդիլ Դուլխանյանը, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլք։

Միջոցառումը պարային և երաժշտական համարներով գեղեցկացրին «Ջավախք» երգի-պարի ազգագրական համույթն ու գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը:

Tumas_3

Որպես շնորհակալություն Խուլգումոյի բնակիչների անունից շնորհակալագիր հանձնվեց Թումաս և Ռաֆիկ Չիվչյաններին:

Tumas_1

Ինչպես նաև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ «Թումաս»-ի կամրջի ստեղծման վերաբերյալ:

Tumas_2

Կամրջի կառուցման պատմությունը

Թումաս Չիվչյանի հայրը՝ Մկրտիչ Չիվչյանը Ախալքալաքի լաբորատորիայում է աշխատել։ Նրա մի ոտքը կաղ է եղել, եւ նրա համար շատ դժվար է եղել ձորն իջնել-բարձրանալ աշխատանքի հասնելու համար: Մի անգամ նա փորձել է աստիճաններ կառուցել, սակայն վաղաժամ մահը նրան չի թողել ավարտին հասցնել սկսած գործը: Թումասը տարիներ շարունակ երազանք է ունեցել՝ իր հայրիկի սկսած գործն ավարտին հասցնել: Եվ 2013 թվականին իրագործում է իր երազանքը:

Tumas_8

Ստորև ներկայացնում ենք JNEWS-ի նկարահանած ֆիլմը «Թումաս»-ի կամրջի մասին, որը նկարահանվել է Խուլգումո գյուղի բնակիչների ֆինանսավորմամբ: