Երեկ՝ հուլիսի 18-ին, դիմորդները քննություն հանձնեցին «1+4» ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար։ Այսօր արդեն հրապարակվել են ընդհանուր ունակություններ քննության թեստերը։ Այսպիսով, դիմորդները կարող են ծանոթանալ թեստին և մոտավոր պատկերացում կազմել իրենց պատասխանների մասին: Jnews-ը զրույց է ունեցել դիմորդների հետ, ովքեր կիսվել են իրենց ապրումներով և սպասելիքներով:
Հրապարակվել են Միասնական ազգային քննությունների ժամանակ գործածված ընդհանուր ունակությունների թեստերը, որոնց կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով naec.ge։
Մեր զրուցակիցներից Նադյա Հարությունյանը նախնական կրթությունը ստացել է Օրջայի հանրային դպրոցում, մասնակցել է միասնական ազգային քննություններին քանզի որոշել է բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանում։ Մտածելով, որ հետագայում կկարողանա լիարժեք տիրապետել պետական լեզվին և կկարողանա ձեռք բերել մասնագիտություն:
«Քննություններին նախապատրաստվել եմ մոտ 6 ամիս և հենց քննության օրն ինձ համար շատ կարևոր էր։ Մի կողմից հանգիստ էի, քանի որ երկար ժամանակ էի տրամադրել պատրաստվելու համար, բայց մյուս կողմիս կար լարվածություն, որովհետև այդ օրվանից շատ բան էր կախված, այս պահին սրտատրոփ սպասում եմ պատասխաններին և հույս ունեմ, որ ինձ հաջողվել է գիտելիքներս լիարժեք օգտագործել»:
Նադյան պատմում է, որ օրը լարված է անցել, չնայած իրենից բացի շատ դիմորդներ են եղել և մինչ քննությունը սկսվելը ժամանակ է եղել միմյանց հանգստացնելու, միևնույն է բուն քննական պրոցեսի ժամանակ լարվածությունը բոլորին է խանգարել։ Նրա խոսքով, բարդ է եղել նաև ժամանակի կառավարումը: Ամեն դեպքում Նադյան հույս ունի, որ շուտով դառնալու է ուսանողուհի։
Լալի Գոգորյանը, ով սովորել է Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում, միակարծիք է Նադյայի հետ։ Նշելով, որ ժամանակը քիչ է եղել բոլոր հարցերի վրա լավ աշխատելու համար: Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու որոշումը նա դեռ 5 տարի առաջ էր կայացրել և տարվա սկզբից սկսել էր պատրաստվել քննությանը:
«Դժվարություններից մեկը սահմանափակ ժամանակն էր, հատկապես տրամաբանական հարցերի ժամանակ։ Կարծում եմ, այն բոլորին է խանգարել լիարժեք իրենց իմացածն օգտագործելու համար։ Անհամբերությամբ սպասում եմ պատասխաններին, և, եթե ամեն բան լավ ընթանա ցանկություն ունեմ սովորել ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում»:
Հիշեցնենք, որ «1+4» ծրագիրը մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում և տարեց տարի այդ ծրագրի շահառուները ավելի են շատանում: Ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի հաջող ավարտ) ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունը իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու: