Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ անհայտ վնասատուն գործնականում չորացրել է փշատերև անտառային գոտին, որը գտնվում է Կիրովական և Կումուրդո գյուղերի միջև։ Փորձագետները հայտնաբերել են վնասատուին՝ դա Dendrolimus pini-ն է՝ սոճու մետաքսագործը (կերպասագործ, շերամ): Հիմա աշխատանքներ են տարվում միջատասպանների հաստատման ուղղությամբ, որոնք պատրաստվում են ցանել անտառային գոտում՝ վնասատուի դեմ պայքարելու համար:
Օրերս Ախալքալաքում էին միջատաբաններ, ովքեր անտառային գոտում ուսումնասիրել են իրավիճակը։ Ախալքալաքի քաղաքապետարանի խնդրանքով, Ազգային անտառային գործակալությունից մասնագետներ են եկել Ախալքալաք։ Մասնագետները պարզել են վնասատուի տեսակը, ինչպես նաև թունաքիմիկատները, որոնք օգտագործվում են վնասատուի դեմ պայքարում։ Այժմ որոշվում է, թե որքանով են այդ թունաքիմիկատներն անվտանգ անտառի համար:
«Սոճու բոժոժահյուսն առաջին անգամ է Վրաստանում ի հայտ եկել նման քանակությամբ: Նախկինում այն նկատել էին Արևմտյան Վրաստանում, կարծես Թուշեթիում, բայց նման քանակություն չի եղել: Վնասատուների դեմ պայքարի դեղամիջոցը պետք է լինի այնպիսին, որ չվնասի էկոհամակարգը: Նախարարությունը նույնպես պետք է հաստատի այս դեղամիջոցը: Նման մեծ թվաքանակի պատճառ կարող է հանդիսանալ բնության փոփոխությունը»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիայի վարչության բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին։
Նրա խոսքով, անտառային գոտին կկարողանա վերականգնվել: Վնասատուն սոճու ասեղներով սնվում է միայն թրթուրային փուլում, ցեց դառնալուց հետո նա այլևս չի վնասում անտառը:
Սոճու բոժոժահյուսը, սոճու մետաքսագործը (Dendrolimus pini) թիթեռ է, որի թրթուրը սնվում է սոճու ծառերով։ Երիտասարդ թրթուրները, որոնք դուրս են եկել հուլիսի վերջին, ուտում են սոճու փշերը, աշնանը սողում են ծառերից և ձմեռում մամուռի տակ գտնվող կոճղերի մոտ, արթնանում են վաղ գարնանը և շարունակում են սնվել մինչև հունիսի սկիզբը, երբ նրանք վերածվում են հարսնյակի : Թիթեռները թռչում են հուլիսի երկրորդ կեսին։ Սոճու մետաքսագործների բնական թշնամիներն են՝ կկուն և հետահանուկը:
Սոճու բոժոժահյուսը կարող է հսկայական վնաս հասցնել անտառտնտեսությանը: Նրա անհագ թրթուրները ոչնչացնում են իրենց ճանապարհին հանդիպող ողջ փշերը:
Թիթեռները սկսում են թռչել հունիսին և ավարտում են չուն օգոստոսի սկզբին: Հունիսի կեսերից էգերը ձվադրում են փշերի, ճյուղերի և ծառերի կեղևների վրա կույտերով՝ 50 ձու։ Մեկ թիթեռը կարող է միանգամից մինչև 300 ձու դնել: Ձվի զարգացման փուլը տեւում է 14-ից 25 օր։
Մեկ չափահաս թրթուրն օրական ուտում է մինչև 60 փուշ, իսկ զարգացման ողջ ժամանակահատվածում մինչև հարսնյակավորումը՝ մոտ 1000 փշատերև ասեղ (մոտ 36 գ): Ասեղներ ուտելու այս ինտենսիվությունը հանգեցնում է նրան, որ վնասված ծառերը չեն հասցնում վերականգնվել և ամբողջովին չորանում են:
Երաշտային տարիներին, որոնք ամենաբարենպաստն են վնասատուների վերարտադրության համար, թրթուրների բազմաթիվ պոպուլյացիաները կարող են ոչնչացնել տասնյակ հազարավոր հեկտար սոճու անտառներ: Նույն վայրերում զանգվածային վերարտադրության բռնկումը կարող է տևել մոտ 5 տարի։
Հիշեցնենք, որ սոճու բոժոժահյուսը մեծ քանակությամբ հայտնվել է Ախալքալաքի մունիցիպալիտետում, այդ մասին հայտնի է դարձել անցած շաբաթ։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Վնասատուներն Ախալքալաքում ոչնչացնում են փշատերեւ ծառերը