Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղը երկար տարիներ է, ինչ գյուղի և Խաչքարի օրը նշում է ֆուտբոլի մրցաշարով։ Այս տոնը նշվում է ամեն տարի հուլիսի առաջին կիրակի օրը։ Երեկ՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչը։
Ամեն տարի գյուղի երիտասարդները կազմակերպում են ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցում են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարբեր գյուղերի ֆուտբոլային թիմեր։ Ֆուտբոլային մրցաշարը մեկնարկել էր կիրակի՝ հուլիսի 2-ին։ Մրցաշարին մասնակցում էին 18 ֆուտբոլային թիմ, որոնցից 2-ը՝ Մուրջախեթ գյուղից։ Մասնակցում էին Դիլիսկա, Բալխո, Փոքր Գոնդուրա, Կարտիկամ, Խոսպիո, Հեշտիա և այլ գյուղերի թիմերը։ Նշենք, որ մունիցիպալ ֆուտբոլային մրցաշարերում Մուրջահեթի թիմը միշտ զբաղեցնում է առաջատար դիրքեր։
Կիսաեզրափակիչ դուրս եկան 5 թիմ՝ Մուրջահեթ, Դիլիսկա, Փոքր Գոնդուրա, Բալխո և Խոսպիո։
Երեկ՝ հուլիսի 5-ին, այս թիմերը պայքարում էին առաջինի կոչման համար, որը նվաճեց Փոքր Գոնդուրա գյուղի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Դիլիսկա գյուղի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Մուրջախեթի թիմը։
Թիմերը պարգևատրվեցին մրցանակներով և մեդալներով։ Հատուկ մրցանակներ շնորհվեցին նաև մրցաշարի լավագույն խաղացողին, կիսապաշտպանին և դարպասապահին։
Գյուղի օրը, որին նվիրված էր մրցաշարը, համարվում է նաև խաչքարի օր։ Այս խաչքարն ունի իր հետաքրքիր պատմությունը։ Խաչքարը գյուղում հայտնաբերվել է մոտ 25 տարի առաջ։ Ինչպես գյուղացիներն են պատմում, տրակտորիստը պատահաբար բենզին է թափել, տրակտորը բռնկվել է, նա խուճապահար վազել է, սայթաքել ու ընկել քարի վրա, այդ պահին նա խոստացել է, որ ողջ մնալու դեպքում մատաղ է անելու։
Տրակտորիստը հրաշքով փրկվել է, իսկ հետո, երբ կրկին վերադարձել է այդ վայր, խաչքար է գտել։ Դրանից հետո խաչքարն ամբողջությամբ հանվել է գետնից և տեղադրվել գյուղում։ Այդ դեպքից հետո հուլիսի առաջին կիրակին Մուրջախեթ գյուղում նշվում է որպես Խաչքարի օր։