«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և նրա բոլոր մարտիկները լքել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Այս տեղեկությունը հաստատում է Ռոստովի մարզի նահանգապետը։ Միաժամանակ շրջանառվում են ֆոտո և վիդեո նյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է Պրիգոժինը լքում ռազմական շտաբը, նրա ավտոշարասյունը վանկարկումներով ու ծափերով քշում են նրա կողմնակիցները։
Միաժամանակ սոցցանցերում կադրեր են պտտվում, որտեղ երևում է, որ Վագների մարտիկների Ռոստովից հեռանալիս օդ են կրակում։ Տեղացիները նրանց ճանապարհում են գոռոցներով:
Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Եվգենի Պրիգոժինը կմեկնի Բելառուս, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։
Հիշեցնենք, որ «Վագներ»-ի մարտիկները երեկ լուսադեմին գրավել էին Ռոստովի ռազմական օբյեկտները։ Ավելի ուշ նրանք գրավեցին Վորոնեժի ռազմական օբյեկտները և շարունակեցին շարժվել դեպի Մոսկվա։ Օրվա վերջում Եվգենի Պրիգոժինը ձայնային հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց, որ հետ է քաշում ավտոշարասյունները՝ արյունահեղությունից խուսափելու համար։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի մարտիկների տեղաշարժը Ռուսաստանի տարածքում։ Նշենք, որ ինքը՝ Եվգենի Պրիգոժինը, հեռարձակվող աուդիոուղերձում չի նշել Լուկաշենկոյի հետ բանակցությունների մասին։