«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի դիմումի համաձայն՝ Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան հաստատել է Գլխավոր ալիք/Mtavari Arkhi-ի անհայտ լրագրողի դեմ խարտիայի առաջին սկզբունքի խախտում: Գործը վերաբերել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին Գլխավոր ալիքի կողմից միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների տարածմանը, ինչպես նաև Հայաստանի տարածքի դեմ ագրեսիան որպես Ղարաբաղում տեղի ունեցած փաստ ներկայացնելուն։
Թումասյանը դիմել է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի խորհրդին՝ կարծելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ին «Գլխավոր ալիք» հեռուստաընկերության կայքում հրապարակված նյութում խախտվել են Խարտիայի առաջին և հինգերորդ սկզբունքները: Ինչպես նաև նույն լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութում խախտվել է Խարտիայի առաջին սկզբունքը, որն իրենից ենթադրում է՝ «Լրագրողը պետք է հարգի ճշմարտությունը և հանրության՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը»։
Նյութին կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղմամբ՝ სროლა სომხეთ-აზერბაიჯანის საზღვარზე
Ավելի ուշ, Գիրոգի Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի՝ Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան հաստատել է անհայտ լրագրողի դեմ՝ խարտիայի առաջին սկզբունքի խախտումը:
Խորհրդի դիրքորոշումը հետևյալն է.
«Խորհրդի դիրքորոշման համաձայն՝ լրագրողները չեն հարգել հանրության՝ ստույգ և ճշտված տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Լրատվամիջոցները պետք է հատուկ զգույշ լինեն հակամարտությունների մասին հաղորդելիս, իսկ տեղեկատվությունը թարգմանելիս ուշադրություն դարձնեն տերմինաբանության/տեղեկատվության ճշգրտությանը: Հակամարտության լուսաբանման ընթացքում լրագրողին անհրաժեշտ է տեղեկատվություն դրանում ներգրավված կողմերի, նրանց կարծիքների ու դիրքորոշումների, ինչպես նաև տարածքների և դասավորության մասին, որպեսզի կարողանա լսարանին ամբողջական պատկերը ցույց տալ: Վիճելի լրագրողական նյութերում չի երևում, որ լրագրողները հետևել են վերը նշված էթիկական պարտավորությանը: Լսարանը իրավունք ունի իմանալու բոլոր հնարավոր աղբյուրների և կողմերի դիրքորոշումները տեղեկատվության վերաբերյալ, որպեսզի կարողանա գնահատել տեղեկատվության հավաստիությունը և/կամ իսկությունը: Այս դեպքում ընթերցողը հավասարակշռված տեղեկատվություն չի ստացել»:
Թումասյանը Jnews-ին մանրամասնել է գործի ընթացքն ու այսօրվա արդյունքը:
«Գլխավոր ալիքի կողմից ապրիլի 11-ին տեղադրվել էր հոդված, ըստ որում նշված տեղեկության՝ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են տեղի ունեցել, սակայն հոդվածում ներառված էր միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկությունը և իրանական ինչ-որ մեդիայի կողմից գրված տեղեկատվություն: Խարտիան կիսում է իմ այն մոտեցումը, որ տվյալ նյութում հավասարակշռված չէ կողմերի դիրքորոշումները, ներկայացված է միայն մեկ կողմի պաշտոնական տեղեկություն, ինչ կարդացողին ոչ լիարժեք տեղեկատվություն է հաղորդում՝ խախտելով Խարտիայի առաջին սկզբունքը»:
Գիորգին նշում է նաև, որ Գլխավոր ալիքը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեղկատվություն, որտեղ նշված է, որ Ղարաբաղում կրակոցների տեսքով միջադեպ է տեղի ունեցել: Հարցը նրանում է, որ այդ միջադեպը իրականում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ Տեղ գյուղում է տեղի ունեցել:
«Եթե քաղաքական և հանրային առումով վերլուծենք, ապա կարելի է ասել, որ այդ կոնտեքստը թաքցնում էր այն փաստը, որ ՀՀ-ի տարածքի վրա է հարձակումը տեղի ունեցել, դա ներկայացվում էր որպես Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպ: Խարտիային դիմել էի նաև 5-րդ հոդվածով, ըստ որի՝ պետք է սխալ տեղեկատվությունն ուղղվեր, բայց խնդիրը նրանում է, որ գործը չպարզված լրագրողի դեմ է, այսինքն՝ այն անձը, ով գրել էր այդ նյութը կամ հրապարակել է լուսանկարը ֆեյսբուքում՝ անհայտ է»:
Գիորգին հավելում է՝ Խարտիայի նիստին Գլխավոր ալիքը չի մասնակցել, պատրաստակամություն ևս չի հայտնել բացահայտելու սխալը թույլ տված լրագրողի ինքնությունը, և հետևաբար 5-րդ սկզբունքը, որն իրենից ներկայացնում է, որ լրատվամիջոցները պարտավոր են շտկել հանրությանը մոլորության մեջ գցող և ոչ ստույգ տեղեկատվությունը՝ չի բավարարվում:
Գործին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ Գիորգի Թումասյանը՝ Գլխավոր ալիքի անհայտ լրագրողների դեմ գործով որոշում