Տարեցտարի ավելի ու ավելի շատ շենքեր են ավերվում, որոնք գտնվում են Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի բակում, ինչն անվտանգ չէ այս դպրոցում սովորող երեխաների համար։
Եռահարկ շենքից տեղ-տեղ մնացել է 4 պատ, իսկ որոշ տեղերում՝ միայն մեկը։ Տանիք չկա։ Սա Ախալքալաքի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկի նախկին հանրակացարանի շենքն է։ Կողքին նույն վիճակում գտնվող ճաշարանի շենքն է, իսկ մի քիչ այն կողմ՝ լվացքատան մի հարկանի շենքը։ Այս ամենը Ախալքալաքի թիվ 5 դպրոցի ընդարձակ տարածքում է գտնվում։ Ախալքալաքի բնակիչներն այս վայրը հիշողությունից ելնելով անվանում են գիշերօթիկ դպրոց։ Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն այս ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում սովորելը հեղինակավոր էր համարվում։ ԽՍՀՄ-ի փլուզմամբ՝ փլուզվեց նաև անշարժ գույքը՝ հանրակացարանը, ճաշարանն ու լվացքատունը։ Երբեմնի հեղինակավոր դպրոցը վերածվեց սովորականի:
«Հանրակացարանի շենքերը մաքուր էին, իհարկե վերանորոգված չէին, բայց մեր ժամանակ լավ էր։ Դպրոցը ես ավարտել եմ 1989 թվականին, բայց մեզանից հետո էլ են եղել աշակերտներ, որոնք մնացել են հանրակացարանում։ Եվս 2 տարի դպրոցը եղել է գիշերօթիկ, որից հետո փոխել են։ Պայմանները լավն էին՝ լավ սնունդ, մաքուր սպիտակեղեն, ամեն շաբաթ փոխում էին։ Հիմնականում մնում էին գյուղերից եկած երեխաները։ Ես գյուղից չէի, բայց լինում էր ժամանակ, երբ ես ևս մնում էի այնտեղ։ Քանի որ ես գիշերօթիկ դպրոցի աշակերտ էի, մենք պետք է մնայինք ու սնվեինք։ Դա պարտադիր պայման էր։ Այն ժամանակ շատ աշակերտ կար՝ մոտ 400-500։ Դասարաններում 40-41 հոգի էր։ Կային «Ա» և «Բ» դասարաններ։ «Բ»-ն ֆիզիկամաթեմատիկական դասարաններ էին, իսկ «Ա»-ն՝ սովորական»,- պատմում է գիշերօթիկի շրջանավարտ, թիվ 5 հանրային դպրոցի ուսուցչուհի Գայանե Ասատուրյանը։
Երեսուն տարի անց երբեմնի այս կանգուն շենքերը, որոնք իրենց տանիքների ներքո հյուրընկալել են բազմաթիվ երեխաների, վտանգավոր ավերակներ են դարձել: Դպրոցի ուսուցիչների խոսքերով, իրենք մի քանի անգամ գրավոր դիմել են պետությանը՝ խնդրելով դպրոցի հաշվեկշռից հանել երեխաների համար վտանգավոր շենքերը ներառող տարածքը։
Ախալքալաքի ուսուցիչներն ու բնակիչները վախենում են, որ մի օր այս պատերը կփլվեն ու մարդիկ կմնան փլատակների տակ, քանի որ դպրոցի շրջակայքում բնակելի փողոցներ կան։ Դե իսկ երեխաները չարաճճի են, և անհնար է բոլորին հետևել: Երեկոյան ժամերին դպրոցի տարածքում խաղում են հարևան փողոցների երեխաները, զբոսնում են բնակիչները։ Վտանգավոր շենքերը ցանկապատված չեն։
Ըստ ուսուցիչների՝ հողատարածքը պետական սեփականության է անցել մոտ 3 տարի առաջ։ Նշենք, որ տեղի իշխանությունները փորձել են տարածքը, որտեղ գտնվում են վտանգավոր ավերակները, փոխանցել մունիցիպալիտետի հաշվեկշռին, սակայն այն դեռ չի հանձնվել:
«Այդ շենքերը պետական սեփականություն են հանդիսանում, մենք խնդրել էինք, որ դրանք փոխանցվեին մունիցիպալիտետի հաշվեկշռին, սակայն մինչ այժմ դրանք չեն փոխանցվել։ Մենք մի քանի անգամ դիմել ենք նրանց այս հարցով։ Սա բարդ խնդիր է, և իրենք չեն կարող որոշել՝ ինչ անել»,- ասում է քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Երբ կլուծվի այս հարցը և ինչպես, դեռ պարզ չէ։ Այնուամենայնիվ, մնում է հուսալ, որ նախկին գիշերօթիկի հանրակացարանի, ճաշարանի և լվացքատան պատերը քանդվելու դեպքում ոչ ոքի չեն վնասի։