Օրերս վրացական սոցիալական հարթակներում տարածվեց տեսանյութ, որտեղ «Տրիբունա» կուսակցությունից Լաշա Արսենիձեն հակահայկական հայտարարություններ է անում, վիրավորական խոսքեր հնչեցնելով Վրաստանում ապրող հայերի հասցեին: Տեսանյութը լայն արձագանք գտավ ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև ՆԳՆ-ն վարչական վարույթ է սկսել տվյալ փաստով, սակայն շատերը սխալ են համարում այն, որ ՆԳՆ-ն քրեական գործ չի բացել:

Արսենիձեի տեսանյութն արագ տարածվեց և մեծ արձագանք ստացավ սոցիալական տարբեր հարթակներում: Տեսանյութին արձագանքեցին նաև իշխանամետ լրատվամիջոցները՝ TV Imedin և postv-ն, երկու մեդիաներն էլ իրենց հոդվածներում չեն նշել տեսանյութի հեղինակի անուն ազգանունը, այլ շեշտադրել են Դավիթ ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցությանը, որը Հավլաբար թաղամասի մեծամասնական պատգամավորն է:

Այնուհետև «Տրիբունա» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ տարածված տեսանյութը, որն իրենց կուսակցության տարբերանշանով է, ոչ մի կապ չունի իրենց կուսակցության գաղափարախոսության կամ դիրքորոշման հետ, և տարբեր անհատների դիրքորոշումը չի ներկայացնում կուսակցության դիրքորոշումը:

Երկու մեդիա հարթակներում էլ տեսանյութը բուռն քննարկումների տեղիք տվեց: Մարդկանց մի մասը մեղադրում է լրատվամիջոցներին տեսանյութը տարածելու համար՝ այն համարելով սադրանք, որը նպատակ ունի Վրաստանի ներսում ներքաղաքական բախումներ առաջացնել հայերի և վրացիների միջև: Մարդկանց մյուս մասն էլ հայերին հորդորում է խելացի գտնվել և չտրվել սադրանքին, քանի որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:

Բանն այն է, որ տեսանյութի հրապարակումից մեկ օր անց Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «Տրիբունա» կուսակցության անդամ Լաշա Արսենիձեին հարցաքննության է հրավիրել:

«Լաշա Արսենիձեն սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում էթնիկ պատկանելության մարդկանց անպարկեշտ խոսքերով է դիմում։ ՆԳՆ-ն աննշան խուլիգանության փաստով վարույթ է սկսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։

Չուշացավ նաև հայերի արձագանքը, տեսանյութը արագ տարածվեց նաև հայկական խմբերում, եղան տարբեր հայտարարություներ:

«Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը հանդես եկավ կոչով. «Մենք չենք կիսում վարչական վարույթ սկսելու նպատակահարմարությունը և գտնում ենք, որ իրավական որակումը չի համապատասխանում Լաշա Արսենիձեի արարքին։ Նրա կողմից կատարված արարքը պարունակում է քրեական հանցագործության նշաններ, այն է՝ սպառնալիքի և ազգային թշնամանքի հրահրում։ Ըստ այդմ, կարծում ենք, որ այս գործով պետք է քրեական գործ հարուցվի, և իրավապահ մարմինները պետք է լիարժեք քննություն իրականացնեն։

Պահանջում ենք, որ մեղավորները պատժվեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և պատասխան տան օրենքի առաջ՝ հակառակ դեպքում նմանատիպ փաստեր ապագայում անպայման կկրկնվեն»:

Արդեն այսօր՝ մայիսի 18-ին, պարզ դարձավ, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Լաշա Արսենիձեին դատապարտել է 12-օրյա վարչական կալանքի, ինչը Վրաստանի Հայ համայնքն անընդունելի է համարում և կոչ է անում իրավապահ մարմինների հետաքննություն սկսել:

Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին արձագանքել է նաև «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը: Ըստ նրա՝ TV IMEDI-ի և POS TV-ի պատճառով այս խնդիրը ոչ միայն շարունակվել է, այլև ավելի է մեծացել։

«Նրանց գործողությունները խրախուսում էին խտրականությունը և ատելության խոսքը դարձրեցին «լուր»։ Ձեր հանցավոր արարքի պատճառով, որը դուք ընդունում եք որպես «նոր լուր», «Իմեդի» և «Փոս» հեռուստաընկերությունների միջոցով հայ ազգին հայհոյելով ու սպառնալով, այդ թվում՝ Վրաստանի հայերին արմատախիլ անելու սպառնալիքը, արդեն 200.000 դիտում է ստացել։ Սա ոչ թե Imedi-ն ու POS TV-ն, մենք գիտենք, որ դրա հետևում կանգնած է Վրաստանի ռուսական կառավարությունը», – գրել է Գիորգին:

Թումասյանը չի բացառում, որ այս սադրանքը կարող է նաև ուղղված լինել Դավիթ Ճիճինաձեին, ով լավ հարաբերություներ ունի հայերի հետ: