Հասարակության կարծիքը, կասկածամտությունը և թերահավատությունը սեփական ուժերի վրա երիտասարդների հիմնական խոչընդոտներից են՝ հաջողության ու նպատակների հետևից գնալու ճանապարհին: Մեր հերոսուհուն հաջողվել է թերահավատությունը փոխարինել հավատով, բացասական կարծիքները դարձնելով մոտիվացիա հասնել իր նպատակին:

«Միշտ չէ, երբ քո կարծիքը տարբերվում է բոլորի կարծիքից, ուրեմն սխալ ես: Ես հաղթեցի խոչընդոտները, կարողացա իմ ուզած արդյունքին հասնել, և առաջինն ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ, ու արեցի», – ասում է Կարինա Շահանյանը, ով կարողանում է համատեղել կրթությունն ու բիզնեսը, հաջողություններ գրանցելով մի շրջանում, որտեղ բիզնեսով զբաղվելը մեղմ ասած հեշտ գործ չէ:

Karina Shahanyan

Ծնունդով Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղից է Կարինա Շահանյանը: Գյուղի դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, այնուհետև մասնակցել է ազգային միասնական քննություներին և հավաքելով բավականաչափ միավորներ ընդունվել է Իլիայի պետական համալսարան: Այժմ միջազգային հարաբերություններ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի է, որին զուգահեռ իր սեփական բիզնեսն է հիմնել:
WhatsApp Image 2023-05-19 at 20.07.08

Կարինան նշում է՝ ծաղիկների բիզնես սկսելու գաղափարն առաջացել է շատ պատահական, ամանորյա տոներին, որը համընկնում է նաև իր մայրիկի ծննդյան տարեդարձի հետ: Կարինան ուզեցել է ծաղիկներ պատվիրել մայրիկի համար, սակայն շրջանում այդ ժամանակ ծաղիկ պատվիրելու հնարավորություն չի եղել: Նեղվելով, որ չի կարողանում  ծաղիկներ նվիրել մորը, որոշում է ինքն զբաղվել ծաղկի բիզնեսով: Այդպիսով, հնարավորություն տալով շրջանի բնակչությանը՝ ցանկության դեպքում պատվիրել ծաղիկներ ու նվիրել:

«Հունվարի 2-ին մայրիկիս տարեդարձն էր, որոշեցի նրան ծաղիկներ նվիրել, սակայն շրջանում չգտա ոչ մի տեղ ծաղիկներ պատվիրելու համար, և դա պատճառ դարձավ, որ ծաղկի բիզնես հիմնեմ: Սկզբնական շրջանում բոլորը կասկածամտորեն էին վերաբերվում, նույնիսկ ծնողներս էին ասում, որ իմաստ չունի, հաջողության չես հասնի: Ուրախ եմ, որ չլսեցի ոչ ոքի և որոշեցի սկսել» – պատմում է Կարինա Շահանյանը:

Հիշում է առաջին պատվերը, որը բավականին հաջող է ստացվել, հաճախորդը գոհ է մնացել:

Կարինա

JNEWS-ի հարցին, թե տարվա մեծը մասը լինելով Թբիլիսիում, ինչպես է կարողանում առաջ տանել իր բիզնեսը Ծալկայում, նա պատասխանում է.

«Այժմ ծաղիկների ձևավորմամբ զբաղվում է մայրս, սակայն բոլոր պատվերները ընդունում եմ ես, ծաղիկներն էլ ուղարկում եմ այստեղից: Հաճախ է լինում, երբ պատվերը շատ են լինում քննական շրջանում կամ դասի ժամանակ, ոչ մի զանգ անպատասխան չի մնում, փորձում եմ սիրով բոլորի զանգերին պատասխանել, անել հնարավոր ամեն ինչ, որ ոչ մի հաճախորդ դժգոհ չմնա»:

Կարինան նշում է՝ սկզբնական շրջանում դժվար է եղել հաճախորդների հետ աշխատելը, սակայն ժամանակի ու փորձի հետ ամեն ինչ իր տեղն է ընկել:

Պատվերի պակաս Կարինան չունի, տնից է աշխատում, չնայած ծանրաբեռնվածությանը փորձում է ընդունել բոլոր պատվերները, չցանկանալով մերժել ոչ մի հաճախորդի:

Նրա բիզնեսի հաջողության վրա մեծ ազդեցություն է ունեցել ինստագրամյան հարթակը: Ինչպես ինքն է ասում՝ փոքրիկ խորամանկության դիմել, որը նպաստել է իր բիզնեսի զարգացմանը և ավելի շատ հաճախորդներ է ձեռք բերել:

«Որոշեցի դիմել փոքրիկ խորամանկության, և կարելի է ասել ինքս արեցի իմ բիզնեսի գովազդը: Բացեցի ինստագրամյան էջ հատուկ բիզնեսի համար, հավաքելով մի քանի տասնյակ հետևորդներ, որոշեցի խաղարկություն կազմակերպել, որը կնպաստեր՝ թե էջի տարածմանը, թե ծաղիկների մասին իմացության բարձրացմանը: Արդյունքում ինստագրամյան էջը հավաքեց հազարավոր հետևորդներ և կտրուկ ավելացավ պատվերների քանակը»:

WhatsApp Image 2023-05-21 at 19.34.06
Կարինան ապագայում ծրագրում է ծաղկի սրահ բացել նաև Թբիլիսիում, ինչպես նաև իր բրենդային պայուսակներն ու աքսեսուարները ստեղծել և ծաղիկների հետ վաճառել, որպեսզի իր բրենդը լինի ամբողջական, իսկ հաճախորդները կարողանան համադրել իր բրենդի ապրանքները:

«Այնպիսի բնավորություն ունեմ, որ եթե գաղափարը առաջացավ, ուրեմն դա պետք է դարձնեմ իրականություն», – եզրափակում է Կարինա Շահանյանը:

Բոլորին խորհուրդ տալով` ազատվել կասկածամտությունից, չթերագնահատել սեփական ուժերն ու շարժվել դեպի այն կետը, որին այդքան ձգտում են: