«Պետության համար գլխավոր առաջնահերթությունը հացի ողջամիտ գների պահպանումն է։ Ֆերմերներին, արտադրողներին կամ հացահատիկ ներկրողներին աջակցելու ցանկացած որոշում կկայացվի հենց այս գործոնի հիման վրա»,- հայտնում են Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից:
Այս հայտարարությունն արվել է ի պատասխան վրացի ֆերմերների դժգոհության, որոնք հրաժարվում են վաճառել իրենց աճեցրած հացահատիկը ներկայիս գներով։
Ներկայումս հացահատիկի գները նվազում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում, սակայն նախարարությունից նշում են, որ մի քանի ամիս առաջ ապրանքի ինքնարժեքը շատ ավելի բարձր էր, և ֆերմերները կարող էին այդ ժամանակ իրենց ձեռնտու գներով վաճառել հացահատիկը։ Բայց նրանք ակնկալում էին գների հետագա բարձրացում և հրաժարվում էին վաճառել իրենց բերքը: Իսկ հետո գները բարձրանալու փոխարեն դրանք սկսեցին նվազել։
Գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ գերատեսչությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում ցորեն արտադրողների, Հացահատկի ասոցիացիաների, Հացթուխների և ալրաղաց գործարանների ասոցիացիաների հետ։
Վրացական հացահատիկի վաճառքը հեշտացնելու նպատակով կառավարությունը որոշել է վերացնել ցորենի արտահանման սահմանափակումները։
Նախարարությունը պարզաբանում է նաև, որ Վրաստանը ներկրում է ալյուր, որը շատ ավելի էժան է, քան ցորենը։ Իր հերթին էժան ալյուրի ներմուծումը հնարավորություն է տալիս բնակչությանն ապահովել էժան հացով և հացամթերքով։