Այսօրվա դրությամբ օտարերկրյա զբոսավարների 99%-ը ՌԴ քաղաքացիներ են։ Այս մասին BM.ge-ին հայտնել է «Traffic Travel» տուրիստական ընկերության հիմնադիր Ցոտնե Ջափարիձեն։
Նրա խոսքով, Ռուսաստանի քաղաքացիներն այնպիսի ակտիվությամբ են սկսել յուրացնել վրացական զբոսաշրջության շուկան, որ իրենց հաճախորդներին առաջարկում են նույնիսկ շրջագայություններ Վրաստանից աշխարհի ցանկացած կետ:
«Եգիպտոսը, Թուրքիան, Թաիլանդն այն ուղղություններն են, որտեղ նրանք առաջարկում են իրենց ծառայությունները։ Նրանք ամբողջությամբ գրավել են այս ոլորտը՝ լինի դա լեռնադահուկային հանգստավայրեր, արկածներ, ռաֆթինգ: Նրանք նաև ունեն մեծ հայտնիություն վայելող գինու տուրեր: Նրանք օգտագործում են բոլոր հարթակները, հովանավորում են գրառումները, գովազդում են տուրերը»:
Այս խնդիրը լուծելու համար որոշ վրացի զբոսավարներ, ըստ Ջափարիձեի, լիցենզավորում են պահանջում կիրառել զբոսաշրջության ոլորտում:
«Ինչպե՞ս կարելի կառավարությանը աղաչել՝ կարգավորի՛ր և գործի դի՛ր քո լծակները, որ ես ինձ ավելի լավ զգամ շուկայում։ Անձամբ ես դրան առայժմ դեմ եմ, հատկապես, երբ զբոսաշրջության ոլորտը բավականին բարդ վերականգնման գործընթացում է։ Խնդրի լուծումն այն է, որ օկուպանտը մեր երկրում գործունեություն սկսելու, շարժական-անշարժ գույք ձեռք բերելու և իրեն հարմարավետ զգալու իրավունք չունենա»,- ասում է Ցոտնե Ջափարիձեն։
Տուրիստական ընկերության ղեկավարի խոսքով՝ այս խնդիրն իսկական մարտահրավեր է Վրաստանի համար։